Armenian Progressive Youth եւ Alternative Youth Center կազմակերպությունների նախաձեռնած «Երիտասարդներն ընդդեմ տրանսպորտի թանկացման» շարժումը խոստանում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը չչեղարկելու դեպքում փետրվարի 1-ից բոյկոտ սկսել։
Ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․
«Երեւանում հանրային տրանսպորտը չի՛ թանկանալու, որովհետեւ երիտասարդներս դա թույլ չենք տալու։
Մենք՝ երիտասարդներս, չենք հանդուրժելու ս․թ․ փետրվարի 1-ից սպասվող Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, չենք վճարելու բaարձրացված ուղեվարձը եւ մերժելու ենք ուսանողներին առաջարկվող 15%-անոց, սակայն իրականում զավեշտալի, զեղչը։
Այս որոշմամբ երիտասարդների վրա դրվում է անարդար ֆինանսական բեռ․ մեզնից շատերը միաժամանակ սովորում եւ աշխատում են, որպեսզի վճարեն արդեն իսկ թանկ ու անմատչելի կրթության, բնակարանի կամ առողջապահության համար։
- Մեզնից շատերը չեն աշխատում, որովհետեւ չեն կարողանում արժանապատիվ աշխատանք գտնել։
- Մյուսներս չենք սովորում, քանի որ բարձրագույն կրթությունը մեր երկրում թանկ է եւ անհասանելի։
- Մեր մի մասը տեղահանվել է Արցախից ու դեռ չի հասցրել ոտքի կանգնել։
- Շատերս էլ ստիպված ենք կրթություն ստանալու փոխարեն աշխատել առանց պայմանագրի ու ծայրահեղ վատ պայմաններով՝ մեր ընտանիքների սոցիալական բեռը թեթեւացնելու եւ սեփական հիմնական կարիքները հոգալու համար։
Այս նոր բեռի ավելացմամբ ստիպված ենք լինելու ընտրություն կատարել մեր հիմնական պահանջների՝ սննդի, կրթության, առողջապահության, բնակարանի վարձի եւ տրանսպորտի միջեւ:
Հանրային տրանսպորտը երիտասարդների համար դպրոց, բուհ եւ աշխատանքի հասնելու հիմնական միջոցն է։ Ուղեվարձի այս անհիմն բարձրացումը կսահմանափակի մեր տեղաշարժի հնարավորությունները։ Հանրային տրանսպորտը շքեղություն չէ, այլ հանրային ծառայություն, որ պետք է հասանելի լինի հասարակության բոլոր խմբերին։
Մեր պահանջն է անհապաղ չեղարկել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը։
Եթե մինչեւ ս․թ․ փետրվարի 1-ը թանկացման որոշումը չչեղարկվի, երիտասարդներս՝
- բոյկոտելու ենք բարձրացված ուղեվարձը, համընդհանուր բողոքի միջոցով մերժելով այս անարդար որոշումը,
- բարձրացնելու ենք մեր ձայնը բոլոր հնարավոր հարթակներում՝ արշավների, ստորագրահավաքների եւ խաղաղ անհնազանդության միջոցով,
- համախմբելու ենք մեր համայնքը, կոչ անելով բոլորին միանալ մեր բողոքին՝ հանուն մատչելի եւ հասանելի հանրային տրանսպորտի։
Միացե՛ք մեզ եւ տարածեք այս տեղեկատվությունը։ Միասին մենք տեղ կհասցնենք մեր ձայնը եւ կտապալենք այս անարդար որոշումը»։