ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի բանակցություններ վարելուց Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ, հայտնում է Reuters-ը։ Թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, Թրամփը չի մանրամասնել։
«Մենք խոսում ենք [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու հետ, մենք շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Խոսելով ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին՝ Թրամփը նշել է, որ պատրաստ է բանակցություններ վարելու ցանկացած ժամանակ, երբ նա ցանկանա։
Ելույթի ժամանակ Թրամփը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չէր հարձակվի Ուկրաինայի վրա, եթե ինքը մնար նախագահի պաշտոնում։
«Ես շատ ամուր փոխըմբռնում ունեի Պուտինի հետ։ Դա երբեք տեղի չէր ունենա։ Նա չհարգեց [Ջո] Բայդենին։ Շատ պարզ։ Նա չի հարգում մարդկանց։ Նա խելացի է։ Նա հասկանում է։ Չի հարգում Բայդենին»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր վարչակազմը դիտարկում է Ուկրաինա զենք ուղարկելու հարցը, սակայն նշել է, որ Եվրամիությունը պետք է ավելին անի Կիեւին աջակցելու համար։
Թրամփը նաեւ հայտարարել է, որ «ճնշել է» Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որպեսզի նա միջամտի եւ դադարեցնի Ուկրաինայում ընթացող պատերազմը, սակայն վերջինս «շատ բան չի արել դրա համար»:
«Նա շատ ուժ ունի, ինչպես եւ մենք։ Ես ասացի. «Դուք պետք է լուծեք այս հարցը Մենք քննարկել ենք դա»»,- պատմել է Թրամփը:
Մինչ Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնը ստանձնելը նրա վարչակազմը սկսել էր նախապատրաստվել Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին: Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ եւ երբ տեղի կունենան բանակցությունները։ Ավելի վաղ Շվեյցարիան ու Սերբիան էին հայտարարել, որ պատրաստ են հյուրընկալելու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներին։