Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 21-ին հայտարարեց, որ Իսրայելի պաշտպանության բանակը, Անվտանգության ծառայությունը (Շաբակ) եւ ոստիկանությունը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Պաղեստինի Ջենին քաղաքում՝ իր պնդմամբ «ահաբեկչությունը արմատախիլ անելու համար»:
Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունը, որը կոչվում է «Երկաթե պատ», Հորդանան գետի արեւմտյան ափում «անվտանգության ամրապնդման նպատակին հասնելու եւս մեկ քայլ է»:
«Մենք հետեւողական եւ վճռական պայքար ենք մղում իրանական առանցքի դեմ, որտեղ էլ որ նա ուղղի իր զենքը՝ Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Եմենում, Հուդայում եւ Սամարիայում [այսպես Իսրայելում անվանում են Հորդանան գետի արեւմտյան ափը], եւ սրանով կանգ չենք առնի»,- հայտարարել է Նեթանյահուն։
Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունն էր հայտարարել Ջենինում «Երկաթե պատ» անվանումը ստացած հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։
Ըստ The Times of Israel-ի ռազմական աղբյուրի՝ գործողությունն ուղղված է տեղական «արմատական պաղեստինյան խմբավորումների» ենթակառուցվածքի դեմ եւ կտեւի «առնվազն մի քանի օր»:
Ջենինում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով զոհվել է վեց պաղեստինցի, վիրավորվել՝ 35-ը, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Հորդանան գետի արեւմտյան ափում Իսրայելը ռազմական գործողությունները սկսել է հունվարի 19-ին՝ Իսրայելի կառավարության եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի ուժի մեջ մտնելուց երկու օր անց: Հրադադարի առաջին օրը ՀԱՄԱՍ-ը Իսրայելին հանձնեց առաջին երեք կին պատանդներին, իսկ Իսրայելն ազատ արձակեց 90 բանտարկյալների։
Ընդգծենք, որ Ջենինում Իսրայելի եւ Պաղեստինի կառավարության դեմ գործում է «Ջենինի բրիգադ» կազմավորումը։