Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի ողբերգական հետեւանքների հետ կապված։
«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց: Մեր մտքերը զոհերի եւ նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է ՀՀ արտգործնախարարության X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Թուրքիայի Բոլու նահանգի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում նախօրեին բռնկված հրդեհի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 76 մարդ։
Հրդեհը բռնկվել է գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, 12-հարկանի փայտե հյուրանոցի ռեստորանում, որտեղ իջեւանել էր 237 մարդ։ Բոլուի նահանգի նահանգապետ Աբդուլազիզ Այդինը հայտնել է, որ հրդեհի պատճառները դեռեւս պարզված չեն։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնում է, որ այս գործով արդեն 9 կալանավորված կա, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը: