Բաքվում Արցախի նախկին պաշտոնյաների նկատմամբ ընթացող դատավարության ժամանակ նրանց փաստաբանները իրենց պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ երբ դատավոր Զեյնալ Աղաեւը Արցախի նախկին պաշտոնյաներին եւ նրանց փաստաբաններին խոսքի հնարավորություն է տվել, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ո՛չ իր պաշտպանը, ո՛չ ինքը տնային կալանքի միջնորդություն չեն ներկայացրել, եւ որ բողոք չունի առողջական վիճակից, որը հիմք կարող էր լինել նման միջնորդության համար։
Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բաքո Սահակյանը, ինչպես նաեւ դատապարտվող մյուս անձինք՝ Մելիքսեթ Փաշյանն ու Դավիթ Ալավերդյանը, դատարանին խնդրել են բավարարել տնային կալանքի միջնորդությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մյուս դատապարտվողների դեպքում միջնորդությունը բավարարել-չբավարարելու հարցը թողել են դատարանի հայեցողությանը։
Հաղորդվում է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, որի ժամանակ կհրապարակվեն միջնորդությունների վերաբերյալ որոշումները։
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Նրանց թվում են նաեւ Արցախի նախկին նախագահները, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանի գործերը առանձնացվել են, եւ նրա դատավարությունը կընթանա առանձին, որը նախատեսված է հունվարի 27-ին։