Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ հունվարի 22-ին, շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԽ քարտուղարության գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ ԱՄՆ Սենատը Ուոլցի թեկնածությունը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում հաստատել է հունվարի 21-ին։ Նրա թեկնածությունը առաջադրել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
Հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանը հաջողություններ է մաղթել Ուոլցին իր գործունեության մեջ եւ ընդգծել, որ «Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում»:
Նաեւ նշվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը մեծ ձեռքբերում է համարել հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը եւ կարեւորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը: