ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալլասը Բրյուսելում Եվրոպական պաշտպանական գործակալության (EDA) տարեկան համաժողովին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ականջալուր լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին եւ շատ ավելին ծախսի պաշտպանության վրա:
«Մեր ազգային հետախուզական ծառայություններից շատերը մեզ տվյալներ են տրամադրում, որ Ռուսաստանը կարող է ստուգել մեր պաշտպանական պատրաստվածությունը արդեն 3-5 տարի հետո»,- հայտարարել է Կալլասը։
Եվրոպական երկրներին կոչ անելով կրկնապատկել պաշտպանական ծախսերը՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը նշել է․ «ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը իրավացի է, երբ ասում է, որ եվրոպացիները բավականաչափ չեն ծախսում պաշտպանության վրա, այժմ ժամանակն է ներդրումներ կատարելու պաշտպանության ոլորտում»։
Նման կոչ հնչեցրել է նաեւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Եվրախորհրդարանում իր ելույթում։
«Եթե Եվրոպան ցանկանում է գոյատեւել, ապա պետք է զինվի»,- ասել է Տուսկը։ Նա նույնպես կարծիք է հայտնել, որ ԵՄ երկրները պետք է որպես «դրական մարտահրավեր» ընկալեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաշտպանական ծախսերը 5%-ի հասցնելու պահանջը։
«Ոմանք կարծում են, որ ՀՆԱ-ի 5%-ը սեփական անվտանգության վրա ծախսելը չափազանցված է։ Հիմա այնպիսի ժամանակ է, որ Եվրոպան չպետք է խնայի անվտանգության ծախսերը»,- հայտարարել է Տուսկը։