Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը ցնցող է։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասվում է ՀՀ վարչապետի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի զոհերի հետ կապված ցավակցական հայտարարություն տարածել էր նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի Բոլու նահանգի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում նախօրեին բռնկված հրդեհի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 76 մարդ։
Հրդեհը բռնկվել է գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, 12-հարկանի փայտե հյուրանոցի ռեստորանում, որտեղ իջեւանել էր 237 մարդ։ Բոլուի նահանգի նահանգապետ Աբդուլազիզ Այդինը հայտնել է, որ հրդեհի պատճառները դեռեւս պարզված չեն։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնում է, որ այս գործով արդեն 9 կալանավորված կա, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը: