Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ ռուսական օվկիանոսագրական «Յանտար» («Янтарь») նավը մտել է Մեծ Բրիտանիայի տարածքային ջրեր։ Նրա խոսքերը մեջբերում է BBC News-ը։
Հիլիի խոսքերով՝ «Յանտար»-ին նկատել են հունվարի 20-ին՝ Մեծ Բրիտանիայի ափերից 45 մղոն հեռավորության վրա՝ Լա Մանշում։ Ռուսական նավին ուղեկցել են բրիտանական ռազմածովային ուժերի երկու նավեր։
BBC-ն հրապարակման մեջ «Յանտար»-ն անվանել է «լրտեսական նավ»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ միջադեպը «ռուսական ագրեսիայի աճի» եւս մեկ օրինակ է:
«Ես կցանկանայի, որ նախագահ Պուտինը լսեր այս ուղերձը. մենք տեսնում ենք ձեզ, գիտենք, թե ինչ եք անում, եւ չենք խուսափի մեր երկիրը պաշտպանելու համար վճռական գործողություններից»,- հայտարարել է Հիլին։
Նախարարը նաեւ հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ռուսական այս նույն նավը մտնում է Մեծ Բրիտանիայի տարածքային ջրեր։
Նախորդ տարվա նոյեմբերին էր ռուսական նավը դուրս բերվել Իռլանդական ծովից, երբ հայտնի էր դարձել, որ այն «պարեկել էր» ստորջրյա կենսական նշանակություն ունեցող խողովակաշարերի եւ մալուխների շուրջը։
Ռուսաստանը պնդում է, որ «Յանտար»-ը կրում է բացառապես հետազոտական սարքավորումներ։ Սակայն դեռեւս 2015-ից ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին, որ «Յանտար»-ի վրա գտնվող ամբարձիչ սարքավորումները կարող են կտրել, օրինակ, ինտերնետ մալուխները։ BBC-ի ռուսական ծառայությունը գրել է, որ այս նավը համալրված է հատուկ ստորջրյա հետախուզական սարքավորումներով։