Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահի կողմից երեկ հրապարակված փաստաթուղթը, որում նշված էր, թե անհայտ կորածների իրական թիվը 1064 է, ընդամենը հաշվետվություն է տրամադրված գումարների ծախսման վերաբերյալ եւ գաղտնի որևէ տվյալ չի պարունակում:
Ավետիքյանն ընդգծել է, որ հիմնադրամը պատերազմից հետո մեկնարկել է անհայտ բացակայող ու ծանր վիրավորում ունեցող զինծառայողների ժամանակավոր «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը Կառավարության տրամադրած 1 միլիարդ դրամի հիման վրա:
«Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այլ այն ցույց է տալիս թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ-որ պահի համարվել են անհայտ կորածներ, կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել:
Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտնաբերվել են»,- պարզաբանել է հիմնադրամի տնօրենը:
Ավետիքյանը շեշտել է, որ հաշվի առնելով գործունեության հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքները՝ հիմնադրամը մշտապես սոցալական մեդիայի իր էջերում ու պաշտոնական կայքում հրապարակել է «Կամուրջ» ֆինանսավորման շրջանակում դեպքերի քանակը, գումարները, զինծառայողների անունները:
«Այսօր էլ այդ տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար Հիմնադրամի պաշտոնական կայքում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը փաստաթուղթ էր հրապարակել, որում ներկայացված էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն: Երրորդ նախագահի գրասենյակն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում անհայտ կորածների թիվը նշված է 1064, մինչդեռ ավելի վաղ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր 321 անհայտ կորածի մասին:
Ժամեր անց ՀՀ քննչական վարչությունը պատասխանեց, որ պատերազմի ընթացքում անհայտ կորածների իրական թիվը 275 է:
«Մենք 1000-ից ավելի անհայտ կորածներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհայտ կորածների դիեր հայտնաբերվեցին»,- այսօր ասել է վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ 800-ից ավելի անհայտ կորած համարվողների մարմինները նույնականացվել են, հուղարկավորվել: Օգնականը նշել է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակում է այն անձանց թիվը, որոնց հիմնադրամից ամսական 300 հազար դրամ աջակցություն է տրամադրվել՝ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողը անհայտ կորած է համարվել:
Այսօր անհայտ կորած զինծառայողների ծնողները սեփական նախաձեռնությամբ հանդիպել են վարչապետի ժ/պ Փաշինյանի հետ: