Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը «ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցում» նշում է, որ տարբեր փաստերի, տեղեկությունների եւ երեւույթների վերլուծության հիման վրա ներկա պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման բարձր հավանականությունը չի տեսնում։
Միեւնույն ժամանակ կառույցը նշում է, որ «պայմանագրահենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում, որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների եւ էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի»։
նշվում է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումները էականորեն ավելացնում են կայուն խաղաղության հաստատման մասով ադրբեջանական կողմի իրական մտադրության վերաբերյալ անորոշությունը։
Արտաքին հետախուզական ծառայությունը գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրահենք խաղաղության եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը միջպետական լարված հարաբերությունների պահպանման իրական ռիսկեր է ստեղծում, որն «ավելի կարող է խորանալ տարածաշրջանում դաշնակցային վերադասավորումների կամ պատմական դաշնակցային հարաբերությունների վերափոխումների ազդեցությամբ»։
«Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են նաեւ Ադրբեջանի պաշտոնական/իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը, ինչպես նաեւ տարբեր արհեստական թեմաների ավելացման միջոցով բանակցային գործընթացում սեփական միակողմանի պահանջները պարտադրելու Ադրբեջանի քայլերը։ 2025 թվականի ընթացքում նման գործիքակազմի կիրառման շարունակման հավանականությունը մնում է բարձր»,- ասվում է զեկույցի տեքստում։
ՀՀ արտաքին հետախուզական գերատեսչությունը գտնում է, որ Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչեւ հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։
«Այս շրջանակում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման եւ ներկրման, ինչպես նաեւ ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»,-ասվում է զեկույցի Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող եզրափակիչ հատվածում։