Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտահոգիչ է համարում Բաքվից Հայաստանի հասցեին հնչող հայտարարությունները։
«Այլ երկրներից ինտենսիվ թռիչքներ ենք տեսնում, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Բայց ես ուզում եմ նաեւ նշել, որ մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում․ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը, հուսով ենք, շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը, կարծում ենք, կարեւոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմական բարեփոխումները։ Դրանք որոշակի կայունության գործոններ են, եւ մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
Չնայած Գրիգորյանի հայտնած մտահոգությանը՝ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը այսօր հրապարակված զեկույցում նշում էր, որ ներկա պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հունվարի 8-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել, որ Հայաստանն «ըստ էության ֆաշիստական պետություն է» եւ սպառնալիքի աղբյուր տարածաշրջանի համար։
«Կա՛մ այն [ֆաշիզմը] կվերացնի Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չունենք»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։