Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Երեւանի մասնակցության ապասառեցման հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, այդ թեման չի քննարկվել նախագահի եւ վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
«ՀԱՊԿ-ը անկախ, հասուն, չափահաս կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտարարել այս կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին»,- նշել է Կրեմլի խոսնակը։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն այսօր հրապարակված զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան։
Գերատեսչությունը նշում է, որ սա նշանակում է, որ «անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ եւ հետեւությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»։
Մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։