2025 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։ Հունվարին դեռ գործում էր նաեւ հին սակագինը, այսինքն՝ քաղաքացիները կարող էին մեկ ուղեւորության համար վճարել 100 դրամ, սակայն փետրվարի 1-ից այս սակագինն այլեւս չի գործելու․ առաջարկվում են այլ փաթեթներ։
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ անդրադառնալով նոր տոմսային համակարգին։
Կոստանյանը նշել է՝ Transport.yerevan.am կայքում կարելի է ծանոթանալ տոմսային փաթեթներին եւ ընտրել ամենահարմար տարբերակը։ Առաջարկված նոր համակարգի համաձայն՝ մեկանգամյա ուղեւորության արժեքը կազմելու է 300 դրամ՝ 100 դրամի փոխարեն։ Հատկապես ոչ ամեն օր երթեւեկող քաղաքացիները շատ են դժգոհում այս սակագնից։ Առաջարկված մյուս փաթեթների սակագներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եւ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները ստորագրահավաք էին կազմակերպել ընդդեմ տրանսպորտի թանկացման։ Մարությանը պարբերաբար Ֆեյսբուքում հրապարակումներ է անում՝ տեղեկացնելով, որ հազարավոր քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին՝ վստահեցնելով, որ բոյկոտելու են եւ չեն գնելու նոր փաթեթներից։ Մարությանն առաջարկել է բոյկոտի հետեւյալ սկզբունքը․ 100 դրամ մանրադրամ դնել ավտոբուսի դիմապակու առջեւ եւ ոչ մի դեպքում չգնել նոր փաթեթներ։ Բազմաթիվ քաղաքացիներ ֆեյսբուքյան գրառումներ են կատարում՝ նշելով, որ միանալու են բոյկոտին ու 100 դրամից ավելի չեն վճարելու։ Մինչ քաղաքացիները պլանավորում էին ինչպես բոյկոտել, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 21-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել տրանսպորտի սակագների վերանայման վերաբերյալ․
«Սիրելի՛ երեւանցիներ, վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ ձեր արձագանքներն ու առաջարկություններն ուշադիր ուսումնասիրել ենք։ Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը եւ լսել յուրաքանչյուրի կարծիքը։ Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։
Մեր նպատակը համապարփակ եւ արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։
Այսպիսով՝ փետրվարի 11-ի Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետեւյալ փոփոխությունները․
10 ուղեւորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի եւ 30 օրվա փոխարեն։
300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղեւորություններ, ներկայիս 8 ուղեւորափոխադրման սահմանափակման փոխարեն։
7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ, ներկայիս 30 ուղեւորափոխադրման սահմանափակման փոխարեն։
Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 1-ից գործում են նաեւ հետեւյալ փաթեթները․
30 օր — 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ,
90 օր -24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ,
365 օր – 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ։
Առաջիկայում Երեւանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաեւ այլ փոփոխությունների եւ լրացումների մասին, որոնք համակարգը երեւանցիների համար ավելի հարմարավետ եւ արդյունավետ կդարձնեն»,- գրել է Ավինյանը։
Ակնհայտ է՝ քաղաքային իշխանությունն անսացել է քաղաքացիների դժգոհությանը։ Բայց և այնպես քաղաքացիները դարձյալ դժգոհում են․ շատերը ֆեյսբուքյան գրառումներ են կատարել՝ վստահեցնելով, որ չեն հանդուրժի թանկացումը եւ կբոյկոտեն։
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության պատգամավոր Իզաբելլա Աբգարյանը կարծում է՝ հանրային ծառայության սակագին սահմանելը սակարկության է դրվում, ինչպես շուկայում։
«Հերի՛ք է համայնքային կառավարումը վերածեք շուկայի։ Ընդունե՛ք մեր նախագիծը, որով ձեր փաթեթներին կավելանա մեկ ուղեւորության համար 100 դրամ վճարելու հնարավորությունը։ Դա անելով՝ կանեք մի քանի կարեւոր քայլ. փետրվարի 1-ից մարդկանց 100 դրամները կմտնեն բյուջե, համայնքը չի տուժի, կստանաք ելակետային տվյալ, թե քանի տոկոսի համար են հարմար փաթեթները, քանի տոկոսի համար`ոչ, կկատարեք տվյալների ուսումնասիրություն, մարդկանց հունից չեք հանի»,- խոսքն ուղղելով քաղաքային իշխանությանը՝ նշում է Իզաբելլա Աբգարյանը։
Տրանսպորտի սակագնի թանկացման անհրաժեշտության մասին քաղաքային իշխանությունը հաճախ է խոսում, իսկ սպասարկման որակի մասին՝ ոչ այնքան։ Տրանսպորտից օգտվող քաղաքացիները գիտեն՝ երբեմն տրանսպորտում անգամ կանգնելու տեղ չկա։ Որոշ դեպքերում էլ մարդիկ ստիպված են շատ երկար սպասել տրանսպորտին։ Մյուս խնդիրն էլ այն է, որ բազմաթիվ ավտոբուսներում վալիդատորները նորմալ չեն աշխատում․ երբեմն սարքը նոր գնված տոմսը չի ընդունում, երբեմն էլ այնքան դանդաղ է աշխատում, որ հերթեր են գոյանում դրա դիմաց։
«Ալիք Մեդիա»-ն տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել «Թել-Սել» ընկերությանն այս խնդիրների վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Երեւանի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման եւ ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթում հե՛նց այս ընկերությունն է հաղթել ու ստանձնել պարտավորություններ։
Ի պատասխան մեր հարցման՝ «Թել-Սել»-ը տեղեկացրել է, որ բնականաբար, բողոքներ ստացվել են։ Դրանց ընթացք տալու համար ընկերությունում գործում է համապատասխան ընթացակարգ․ զանգերի կենտրոնի, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի, «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի եւ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աշխատակիցները ձեւակերպում են հայտեր, որոնց հիման վրա մշտադիտարկման ստորաբաժանման աշխատակիցը հեռավար միանում է վալիդատորին եւ ստուգում սարքի վիճակը։
«Վալիդատորի անսարք լինելու դեպքում աշխատակիցը հեռավար կարգավորում է դրա աշխատանքը։ Իսկ եթե հեռավար եղանակով խնդիրը հնարավոր չի լինում վերացնել, ապա տեխնիկական բաժնի աշխատակիցը մոտենում է վալիդատորին եւ տեղում շտկում խնդիրը»,- ի պատասխան մեր գրավոր հարցման՝ նշել է «Թել-Սել» ընկերությունը։
Մեր հարցին՝ արդյո՞ք «Թել-Սել» ՓԲԸ-ի մասնագետները ժամանակ առ ժամանակ ստուգում են հանրային տրանսպորտում գտնվող վալիդատորների տեխնիկական վիճակը, «Թել-Սել» ընկերությունը պատասխանել է՝ այո՛, քանի որ պայմանագրում կա նման դրույթ։ Վալիդատորների աշխատանքը ստուգվում է ըստ անհրաժեշտության։
««Թել-Սել» ընկերությունն ունի հեռավար եւ տեղում կարգավորման ստորաբաժանումներ։ Եթե հեռավար կարգով պարզվում է, որ հնարավոր չէ անսարքությունը վերացնել, ապա մասնագետը մոտենում է, զննում տվյալ սարքը։ Խնդիրների մասին արձանագրումները ստանում ենք ինչպես քաղաքացիների, այնպես էլ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի, «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի եւ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից։ Յուրաքանչյուրի համար կա CR համակարգ, եւ յուրաքանչյուրին պատասխանում ենք առանձին»,- նշվում է «Թել-Սել»-ի պատասխանում։
Ընկերությունը տեղեկացրել է նաեւ, որ միասնական տրանսպորտային համակարգի նախագիծն ի սկզբանե նախատեսված է եղել տարիֆային պլանի (ուղետոմսը ձեռք է բերվում մեկ անգամ, սակայն օգտագորվում է բազմակի անգամներ) համար, իսկ ներկայում համակարգը սպասարկում է մեկանգամյա ուեւորատոմսեր։ Մեկանգամյա ուղեւորատոմսերը հայտնվում են սեւ ցուցակում դրանց քանակի մեծության հետեւանքով (քանի որ մեկանգամյա են), ինֆորմացիայի անընդհատ փոխանակման պատճառով համակարգը ծանրաբեռնվում է, ուստի ժամանակ առ ժամանակ վալիդատորների աշխատանքը դանդաղում է կամ խափանվում։ «Թել-Սել»-ը վստահեցնում է՝ տարիֆային պլանների լիարժեք կիրառումից հետո համակարգը կբեռնաթափվի, ծանրաբեռնավությունը կթեթեւանա։
Հավելենք, որ այժմ քաղաքացիների մեծ մասը հանրային տրանսպորտից օգտվում է՝ վճարելով թղթային QR տոմսերով։
Ըստ այս ընկերության տրամադրած տվյալների՝ այժմ քաղաքացիները տրանսպորտի տոմսեր ձեռք են բերում համապատասխանաբար՝
1․QR թղթային տարբերակով՝ տերմինալից՝ 57 տոկոս,
2․ Մետրոպոլիտենից՝ QR թղթային տարբերակով՝ 9 տոկոս,
3․ Բանկային քարտով՝ 7 տոկոս,
4․ Հեռախոսում ներբեռնված հավելվածի միջոցով՝ 27 տոկոս։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։