Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ավելի է անհանգստանում Ռուսաստանի տնտեսության անհավասարակշռությամբ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրներից ստացած տեղեկությունը։ Նրանք գործակալության հետ զրուցել են անանուն մնալու պայմանով։
Աղբյուրներից երկուսը նշել են, որ Ռուսաստանի կառավարող շրջանակների մի մասի շրջանում ամրապնդվել է այն կարծիքը, որ պատերազմը պետք է դադարեցնել բանակցությունների միջոցով։
Սրա հետ կապված՝ Reuters-ը գրում է, որ ռուսական տնտեսությունը, որը հիմնականում հենվում է նավթի, գազի եւ այլ օգտակար հանածոների արտահանման վրա, վերջին երկու տարիների ընթացքում կայուն աճ է գրանցել՝ նույնիսկ արեւմտյան պատժամիջոցների մի քանի փուլերից հետո։ Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ երկրի ներքին տնտեսական ակտիվությունն ավելի ու ավելի է լարվում աշխատուժի պակասի եւ գնաճի դեմ պայքարելու համար սահմանված բարձր տոկոսադրույքների պատճառով, որն արագացել է ռազմական բարձր ծախսերի ֆոնին:
Reuters-ը նշում է, որ իր հրապարակումը «առաջին անգամ արձանագրում է» Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի անհանգստության աստիճանը։ Գործակալության նաեւ ընդգծում է, որ տնտեսական այսպիսի դրության շուրջ աղբյուրների հաղորդած տեղեկությունները մատնանշում են, թե ինչպես այն կարող է իր ազդեցությունն ունենալ Կրեմլի դիրքորոշման վրա։
Դոնալդ Թրամփը, որ հունվարի 20-ին վերադարձավ ԱՄՆ նախագահի պաշտոնին, խոստացել է արագ վերջ տալ Ուկրաինայում ընթացող պատերազմին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենամեծ հակամարտությունն է: Երդմնակալությունից հետո Թրամփը հայտարարել է, որ եթե Պուտինը չգնա բանակցությունների, ապա Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել եւ բարձր մաքսատուրքեր սահմանել ռուսական ապրանքների համար։ Թրամփը նաեւ հավելել է, որ Ռուսաստանը շարժվում «տնտեսության մեծ խնդիրների» ուղղությամբ։
Reuters-ի հետ զրույցում աղբյուրները նշել են, որ Վլադիմիր Պուտինի հիասթափությունն ակնհայտ է դարձել դեկտեմբերի 16-ի երեկոյան, երբ Կրեմլում նա հադիպել է գործարարների հետ։ Այնտեղ նա նկատողություն է արել տնտեսական ոլորտում որոշումներ կայացնելու համար պատասխանատու մի շարք պաշտոնյաների։ Աղբյուրներից մեկի խոսքերով՝ Պուտինը ակնհայտորեն դժգոհել է՝ տեղեկանալով վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով մասնավոր ներդրումների կրճատման մասին։ Ստացված տեղեկություններից Reuters-ը եկել է այն եզրակացության, որ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ներկա չի եղել դեկտեմբերին Կրեմլում կայացած վերոհիշյալ հանդիպմանը։
Վլադիմիր Պուտինը հեռուստատեսային մեկնաբանություններում նշել է, որ վերջերս բիզնես ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկել է երկարաժամկետ աճի համար վարկավորման ցածր ակտիվության ռիսկերը՝ ակնհայտորեն նկատի ունենալով դեկտեմբերյան հանդիպումը։
Դեկտեմբերի 19-ի հնչեցրած իր մեկնաբանություններում Պուտինը հույս էր հայտնել, որ ՌԴ Կենտրոնական բանկը հավասարակշռված որոշում կկայացնի հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ։
Գործակալությունը գրում է, որ Ռուսաստանում բարձր տոկոսադրույքները հրապարակավ քննադատության են ենթարկվել Ռուսաստանի ազդեցիկ այնպիսի գործարարների կողմից, ինչպիսիք են «Ռոսնեֆտ»-ի գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, «Ռոստեխա»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, ալյումինի արդյունահանման ոլորտի մագնատ Օլեգ Դերիպասկան, «Սեվերստալ» ընկերության խոշորագույն բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը:
Այսօր՝ հունվարի 23-ին, մեկնաբանելով Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ մամուլում շրջանառված տեղեկությունները, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայում խնդրահարույց գործոններ կան աշխարհի բոլոր երկրներում, սակայն Ռուսաստանը տնտեսական անվտանգության բարձր պահեստավորում ունի։ Այս պահուստը, ըստ Պեսկովի, հնարավորություն է տալիս աճող հիմունքներով բավարարելու բոլոր ռազմական պահանջները, ինչպես նաեւ պետության բոլոր սոցիալական պարտավորությունները եւ դրանց ինդեքսավորումը։