Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն «Անթալիայի դիվանագիտական ֆորումում» հայտարարել է, որ Ադրբեջանը ստիպված է եղել պատերազմել՝ իր հողերը վերադարձնելու համար:
Ըստ Չավուշօղլուի՝ Ադրբեջանի հողերը 30 տարի բռնազավթված էին, եւ Ադրբեջանի բանակն իր հողերը 40 օրից ավելի տեւած պայքարում հետ է վերցրել:
«Ադրբեջանը երկար տարիներ է համբերել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն, ցավոք, այդ նպատակով ձեռնարկված նախաձեռնություններից որեւիցե մեկը բավարար չի եղել: Հարցը վերածվել է սառեցված հակամարտության: Բնականաբար, Ադրբեջանի համբերությունը անսահման չէր, եւ արվեց այն, ինչ անհրաժեշտ էր: Այժմ Ադրբեջանն իր հողերը հետ է վերցրել, եւ անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին:
Չավուշօղլուն նշել է, որ իրենց ցանկությունը Հարավային Կովկասի՝ կայունության եւ խաղաղության տարածաշրջան դառնալն է: Նա պնդել է, թե դրանից ամենաշատ օգտվողը Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդն է լինելու, քանի որ Հայաստանը տարիներ շարունակ ինքն իրեն մեկուսացրել, օտարել է հարեւաններից։
«Հույս ունեմ՝ Հայաստանն այս ամենից դաս կքաղի, եւ տարածաշրջանում կտիրեն խաղաղություն ու կայունություն, որի մթնոլորտում կլինի նաեւ տնտեսական զարգացում եւ բարօրություն. կյանքի կկոչվեն կարեւոր նախագծեր: Այս պահին կան կարեւոր նախագծեր՝ ավտոճանապարհներ, երկաթուղիներ, առեւտուր, բեռնափոխադրումներ եւ լոգիստիկ հարցեր, որոնք քննարկվում են»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Չավուշօղլուն նշել է, որ «Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության համար հնարավորություններ» խորագրով աշխատաժողովին մասնակցելու են Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները՝ հավելելով, որ Հայաստանից էլ են ներկայացուցիչների հրավիրել, եւ աշխատաժողովին մասնակցելու է ծագումով հայ մի մտավորական: