ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղությանը հասնելու կարեւորությունը։
Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարեւորությունը, ընդգծել Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի, եւ հավելել, որ Վաշինգտոնն ու Անկարան ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է Սիրիայում ներառական կառավարություն ձեւավորելու անհրաժեշտությունը, որը կերաշխավորի, որ Սիրիան այլեւս չվերածվի միջազգային ահաբեկչության աղբյուրի։
Թուրքական կողմը հեռախոսազրույցի մասին տեղեկություններ դեռ չի հաղորդել։
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ռուսաստանի եւ Իրանի գործընկերներ Սերգեյ Լավրովի եւ Աբբաս Արաղչիի հետ։ Երկու դեպքում էլ քննարկվել էր Սիրիայում տիրող իրադրությունը։