Իսրայելը ԱՄՆ-ից խնդրել է 30 օրով հետաձգել Լիբանանի հարավից իսրայելական բանակի դուրսբերման գործընթացը։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։
2024 թվականի նոյեմբերի 26-ին «Հեզբոլլահի» եւ Լիբանանի կառավարության հետ կնքած հրադադարի համաձայնագրի պայմաններով Իսրայելը 60 օրվա ընթացքում պետք է զորքերը հետ քաշեր 2006 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ երկու պետությունների սահմանին ստեղծված Կապույտ գծից հարավ։ Այս ժամկետը լրանում է հունվարի 26-ին, որից հետո հարավային Լիբանանում պետք է տեղակայվեն միայն երկրի անվտանգության ուժերը եւ կանոնավոր բանակը։ Այս համաձայնագրով «Հեզբոլլահն» էլ պարտավորվում էր հետ քաշվել Լատինի գետից հյուսիս եւ Լիբանանի հարավում չտեղակայել որեւէ ռազմական ենթակառուցվածք։
The Times of Israel-ը գրում է, որ Իսրայելի խնդրանքը պայմանավորված է, մի կողմից, լիբանանյան բանակի դանդաղ տեղակայմամբ, մյուս կողմից՝ «Հեզբոլլահին» պատկանող զենքի պահոցների հայտնաբերմամբ։
Ըստ Haaretz-ի աղբյուրների՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան զորքերը դուրս բերելու մասին խնդրանքը քննարկում են Իսրայելի եւ Լիբանանի պաշտոնյաների հետ։ Թերթի աղբյուրը հայտնել է, որ Ֆրանսիան խնդիրներ չի տեսնում, եթե մյուս կողմերը համաձայնեն առաջարկին։
Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը գրում է, որ թեեւ Իսրայելը խնդրել է հետաձգել զորքերի ամբողջական դուրսբերումը, այնուամենայնիվ, առաջիկա երեք օրվա ընթացքում իր ուժերը դուրս կբերի հարավային Լիբանանի հյուսիսային եւ արեւմտյան շրջաններից։
«Հեզբոլլահն» էլ հայտարարել է, որ եթե իսրայելական զորքերը 60 օրից ավելի մնան հարավային Լիբանանում, ապա դա «կհամարվի համաձայնագրի կոպիտ խախտում եւ ոտնձգություն Լիբանանի ինքնիշխանության դեմ»: