Ազգային ժողովն այս շաբաթվա հերթական քառօրյա նիստերում պետք է հաստատեր նաև 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Շուրջ 1 ամիս խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ներկայացվելուց ու քննարկվելուց հետո անցյալ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այդպես էլ հաստատման չարժանացավ՝ 3 օր շարունակ քվորում չլինելու պատճառով։
Անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ երբեւէ չի եղել, որ խորհրդարանը բյուջեի կատարողականը չհաստատի։
2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը Կառավարությունը հաստատել էր դեռեւս ապրիլի 22-ին։ Հունիսի 1-ից այն քննարկման դրվեց ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Հունիսի 15-ից պիտի ներառվեր ԱԺ հերթական նիստերի օրակարգ։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 118–րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության մասին որոշման ընդունման դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված, իսկ չընդունման դեպքում՝ մերժված: