Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 27-ի գիշերը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն՝ ամենաշատ ձայները ստացել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 86,82%։
Մյուս չորս թեկնածուների միջեւ էլ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․
- «Կոմունիստական կուսակցության» առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկով՝ 3,21%,
- «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» նախագահ Օլեգ Գայդուկեւիչ՝ 2,02%,
- Գործարար Աննա Կանոպացկայա՝ 1,86%,
- «Աշխատանքի եւ արդարադատության հանրապետական կուսակցության» նախագահ Ալեքսանդր Խիժնյակ՝ 1,74%։
Ընտրողների 3,6%-ը քվեարկել է բոլորին դեմ։
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ընտրություններից առաջ հայտարարել էր, որ ո՛չ բելառուսները, ո՛չ էլ միջազգային հանրությունը չեն ճանաչի այս ընտրությունների արդյունքները։
Եվրամիությունից էլ հայտարարել են, որ Բելառուսում ընտրություններն ազատ ու արդար չեն համարում։ «Ինչ վերաբերում է Բելառուսի ընտրություններին, ապա սա բացարձակապես ոչ ժողովրդավարական իրադարձություն է։ Ընտրություններն ամբողջապես ձեւական բնույթ ունեն։ Դրանք ընտրություններ չեն, երբ նախապես գիտես, թե ով է հաղթելու»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Անիտա Հիփերը։
1994 թվականից Բելառուսում իշխանության ղեկին գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն յոթերորդ անգամ է առաջադրվել նախագահի պաշտոնում։
Նախորդ՝ 2020 թվականի նախագահական ընտրությունները ուղեկցվել էին Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցերով, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրություններում ստացել է ձայների 80,1%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,12%-ը։