Ֆրանսիան իր անդրծովյան տարածք Նոր Կալեդոնիայի ներքաղաքական կյանքին «Բաքվի նախաձեռնող խմբի» միջամտությունները համարում է ապակայունացման անընդունելի փորձ։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
«Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնելու մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են եւ պետք է անհապաղ դադարեցվեն»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Բարոյի այս հայտարարությունը հետեւում է Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում «Բաքվի նախաձեռնող խմբի» կողմից «Միջազգային ապագաղութացման ճակատ» խորագրով համագումարի կազմակերպմանը։ X-ի հայտարարության համաձայն՝ միջոցառմանը, որը տեղի էր ունեցել հունվարի 23-25-ը, պետք է մասնակցեին Ֆրանսիայի անդրծովյան տարածքների, ինչպես նաեւ Կորսիկայի մի քանի ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայից անկախանալու օգտին։
2024 թվականի հուլիսին Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված նախորդ համագումարին մասնակցել են ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների եւ անկախության շարժումների առաջնորդներ Գվադելուպայից, Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Կարիբյան եւ Անթիլյան կղզիներից: Այս հանդիպմանը նրանք ստորագրել էին «Ֆրանսիական գաղութների միջազգային ազատագրական ճակատ» ստեղծելու մասին հռչակագիրը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հունվարի 6-ին ելույթ ունենալով դիվանագետների համաժողովին, հայտարարել էր, որ միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում եւ հատկապես Նոր Կալեդոնիայում։
Հիշեցնենք՝ 2024 թվականի մայիսին Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական անդրծովյան տարածք Նոր Կալեդոնիայում անջատողականների զանգվածային բողոքների ու անկարգությունների մեկնարկից հետո Փարիզը հայտարարեց, որ Ադրբեջանը դրանց կազմակերպման գործում ուղիղ դերակատարում է ունեցել։
Ավելի քան մեկ ամիս տեւած ելույթներից հետո Նոր Կալեդոնիայի ֆրանսիամետ քաղաքական գործիչները հայտարարեցին, որ տեղական ձեռնարկությունների մեկ երրորդը ոչնչացվել է, եւ նամակ ուղարկեցին Մակրոնին՝ խնդրելով իր վերահսկողության տակ պահել կղզին: