Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը Գերագույն ռադայի պատգամավորներին տեղեկացրել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները պետք է վարվեն մինչեւ 2025 թվականի ամառ, այլապես երկրի գոյությունը կհայտնվի սպառնալիքի տակ։ Այդ մասին նա հայտարարել է Ռադայում փակ քննարկումների ժամանակ, հաղորդում է «Украинская правда»-ն՝ վկայակոչելով պատգամավորներից մեկին, որը ցանկացել է անանուն մնալ։
Պարբերականի զրուցակիցը պատմել է, որ Բուդանովը, պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների համար դեռ որքան ժամանակ կա, հայտարարել էր․ «Եթե մինչեւ ամառ լուրջ բանակցություններ չլինեն, ապա Ուկրաինայի գոյության համար շատ վտանգավոր գործընթացներ կարող են սկսվել»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շահագրգռված է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմին վերջ դնելու համար։ ԱՄՆ նոր նախագահը սպառնացել է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Պուտինը չհամաձայնի բանակցություններին։
Կրեմլը հայտարարել է, որ «բաց» է բանակցությունների համար, բայց որպեսզի դա տեղի ունենա, Զելենսկին նախ պետք է չեղարկի Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների արգելքը:
Զելենսկին հունվարի 25-ին հայտարարել էր, որ Մոսկվայի հետ բանակցություններն արգելող հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայում «անջատողականությունը դադարեցնելու» նպատակով։