Հայկական բանակը 33 տարեկան է։ Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը։
Բանակի օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ուղերձում հրամայական է համարում Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում բանակի առավել հզորացումը։
«Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին:
Մեր նորանկախ պետականության եւ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջեւ ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ եւ իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության եւ սխրանքների ամուր հիմքը միշտ եղել եւ մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։
Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար»,- ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր ուղերձում նշում է, որ այս օրը ոչ միայն տոն է, այլեւ հերթական առիթ՝ արժեւորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում եւ անկախ պետականության կայացման գործում։
Խաչատուրյանը ընդգծում է, որ Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում են մնալ պետության գերակա խնդիրներից մեկը:
«Մենք հետեւողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման եւ ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ»,- ասվում ՀՀ նախագահի ուղերձում:
Նշենք նաեւ, որ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: