Բաքվի զինվորական դատարանը հրաժարվել է Արցախի նախկին ղեկավարներին տնային կալանք տալու վերաբերյալ միջնորդությունը բավարարելուց։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախորդ նիստին, որը կայացել էր հունվարի 22-ին, բացի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից, ռազմաքաղաքական մյուս ղեկավարության պաշտպանները դատարանին բանտային կալանքը տնայինով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռեւս 23 հայ է պահվում։ Նրանց թվում են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բաքո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանի գործերն առանձնացվել են։