Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին:
Լավրովի եւ Շմիդտի բանակցությունների օրակարգը կներառի ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքային ու անվտանգային հարցերի լայն շրջանակ երեք ոլորտներում` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական եւ մարդու իրավունքներ:
Զախարովան ասել է, թե հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերջին շրջանում թուլացել է, սահմանային վեճի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն:
Նա ընդգծել է՝ Ռուսաստանը շարունակում է իրավիճակի մեղմմանն ուղղված միջնորդական ակտիվ ջանքեր գործադրել։
«Արտաքին եւ պաշտպանության գերատեսչությունների մակարդակով Բաքվի եւ Երեւանի հետ հաստատվել են սերտ շփումներ: Խնդրի կայուն եւ երկարատեւ լուծում ենք համարում երկու երկրների միջեւ սահմանազատման եւ հետագա սահմանագծման աշխատանքի արագ մեկնարկը: Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք կողմերին աջակցելու այդ հարցում»,- ասել է Զախարովան:
Մեկնաբանելով Շուշիում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված հռչակագիրը՝ Զախարովան ասել է, թե «Բաքվի եւ երրորդ երկրների շփումների հարցը չպետք է խառնել ղարաբաղյան կարգավորման թեմայի հետ»։
Նա ընդգծել է, որ Մոսկվայի տեսանկյունից տարածաշրջանում երկկողմ հարաբերությունները, այդ թվում ռազմական, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։
«Մենք աջակցում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսության կարգավորմանն ուղղված բոլոր քայլերին, ինչպես նաեւ Երեւան–Անկարա երկխոսությանը։ Հարավային Կովկասում համագործակցությունը պետք է զարգանա բարիդրացիականության սկզբունքներով, եւ, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- հավելել է Զախարովան։
Տես նաեւ՝ Հարաբերությունները չպետք է կառուցվեն այլ երկրների դեմ. Զախարովան` Շուշիի հռչակագրի մասին