Ադրբեջանից ուկրաինական տարածքով գազի տարանցման հարցը կարող է դառնալ Կիեւի եւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) միջեւ բանակցությունների առարկա, որին միեւնույն ժամանակ կարող են ներգրավվել Բրատիսլավան եւ Բուդապեշտը։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։
«Ի սկզբանե Ուկրաինայի կառավարության հետ քննարկել ենք երկրի տարածքով ոչ ռուսական գազի փոխադրման հնարավորությունը, եւ, հետեւաբար, նման տարանցումը քննարկելու ուկրաինական կողմի պատրաստակամությունը համարում ենք վերադարձ մեր առաջարկած լուծմանը, որի շրջանակում խոսվել է, օրինակ, Ադրբեջանից գազ տեղափոխելու մասին»,- ասել է Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԵՀ-ն կշարունակի Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարման շուրջ բանակցությունները եւ մտադիր է այդ գործընթացում ներառելու Հունգարիային եւ Սլովակիային։
Ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու համար ուկրաինական ենթակառուցվածքների օգտագործման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկումների մասին օրերս հայտնել էր նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դեպի Եվրոպա Կիեւը դադարեցրեց 2025 թվականի հունվարի 1-ից։ Նման որոշումը առաջացրել էր Ուկրաինայի հարեւան Սլովակիայի եւ Հունգարիայի դժգոհությունը։