Ռուսական հատուկ ծառայությունները մշտապես ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու համար։ Այսպես է պատասխանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի այն հայտարարությանը, թե Ջո Բայդենի վարչակազմը, իբր, փորձել է սպանել Վլադիմիր Պուտինին։
Կարլսոնը նման հայտարարություններ հնչեցրել էր նախօրեին, երբ լրագրող Մեթ Թաիբիի հետ զրույցում քննարկել էր Բայդենի վարչակազմի գործողությունները նախագահական ընտրությունների եւ երդմնակալության միջեւ ընկած ժամանակահատվածում։ Նրա խոսքերով՝ այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել «իսկական պատերազմի» օգտին, իսկ Բայդենի վարչակազմը փորձել է սպանել Ռուսաստանի նախագահին։
Լրագրողն այդպիսի ծրագրերն անվանել է «խելագարություն» եւ հարցադրումներ կատարել, թե նման դեպքում ով էր «վերահսկելու» Ռուսաստանը եւ նրա միջուկային զինանոցը։
Իր խոսքերի համար Կարլսոնը որեւէ ապացույց չի ներկայացրել։