Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Երեւանից կրկին պահանջում է Հայաստանի տարածքով անարգել եւ առանց ստուգումների անցում ապահովել դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։
«Ե՛վ միջազգային մակարդակով, ե՛ւ Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր․ պետք է ապահովվի Ադրբեջանից դեպի Ադրբեջան անարգել անցումը։ Պետք է լինի հարմարավետ եւ ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որեւէ ստուգման եւ խոչընդոտի»,- ասել է Ալիեւը՝ տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպմանը իր ելույթում։
Հայտարարելով, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ՝ Ալիեւը միեւնույն ժամանակ նշել է, որ Ադրբեջանում չեն մոռանում «Զանգեզուրը»։
Անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի իրականացման հարցում տեղ գտած խոչընդոտներին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ դրանք կապված են եղել ԱՄՆ նախկին վարչակազմի հայամետ դիրքորոշումների հետ։
«Մենք մեծ դիմադրության հանդիպեցինք, երբ ցանկանում էինք դա իրականացնել։ Հիմա ես կարող եմ ասել դրա մասին։ Դրան հատկապես դեմ էր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկ պատճառը դարձյալ նրանց հայանպաստ քաղաքականությունն էր, քանի որ կարծում էին, որ այս նախագիծը մի կողմ է թողնում Հայաստանը։ Հետեւաբար ամերիկյան կառավարությունը շատ լուրջ ճնշում գործադրեց Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա՝ թույլ չտալու, որ նա համաձայնի դրան։ Մենք մի քանի տարի բանակցել ենք վրացական կողմի հետ եւ վերջապես կարողացել ենք համաձայնության գալ»,- հայտարարել է Ալիեւը։
Հիշեցնենք, որ Երեւանը բազմիցս է հայտարարել, որ դեմ է արտատարածքային միջանցք ենթադրող ցանկացած պահանջի՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ պատրաստ է ապահովելու Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջեւան անցումը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ հարգման վրա։