Գյումրեցի լեյտենանտ Սվետլանա Սարգսյանին առանց զինվորական համազգեստի պատկերացնելն անհնարին է: Խրոխտ կեցվածքով ու հայացքով երիտասարդ աղջիկը զինվորական կյանքից դուրս իրեն չի պատկերացնում. «Երբ համազգեստ եմ հագնում, տասնապատիկ ուժեղ եմ, այս համազգեստը ուժ է տալիս»:
Աչքերը բացել, զինվորական համազգեստ է տեսել, հաղթանակի պատմությամբ սնվել մեծացել: «Հայրս Շուշիի ազատագրման օրերին ժամկետային զինծառայող է եղել,- հպարտորեն պատմում է Սվետլանան,- անձամբ է մասնակցել ազատագրական մարտերին, ոտքից վիրավորվել, բայց հոգով ավելի է ամրացել»:
Առաջնորդի ընդգծված ձիրքով օժտված աղջնակը մանկուց զինվորական համազգեստ է հագել, մանկական բոլոր միջոցառումներին էլ մարմնավորել է զինվորականի: Հայրենասիրությունն ու հայրենատիրությունը դեռ վաղ տարիքից մղել են նրան, որ ընտրի հայրենիքի պաշտպանի ուղին, զինվորական կրթություն ստանա:
Դեռ մանկության տարիներից Սվետլանան ընդգրկվում է Շիրակի մարզի «Պատանի երկրապահ կամավորականների» ակումբում: «Այդ օրվանից որոշեցի, որ ոչինչ չեմ խնայելու, որ լինեմ օրինակելի եւ լավագույն զինվորական, կոտրեմ կարծրատիպը, թե ծառայությունն աղջկա տեղ չէ»: Սիրած խոսքն է՝ «առյուծն առյուծ է՝ էգ թե արու»:
Երբ Երկրապահ կամավորականների վարչությունում տեսնում են աղջկա ցուցաբերած նվիրումն ու ջիղը, նրան են վստահում ամբողջ մարզի «Պատանի երկրապահ կամավորականների» ակումբի նախագահի պատասխանատու պաշտոնը:
«Ծառայում եմ սիրով, զգում պատասխանատվության ամբողջ ծավալը: Ակումբում դասավանդում եմ, ռազմահայրենասիրական դասընթացների միջոցով սաներին պատրաստում զինվորական կյանքին: Պատերազմը մեզ ցույց տվեց, որ անկախ ընտրած մասնագիտությունից՝ ռազմական գործողությունների հետ բոլորս դառնում ենք զինվորական՝ անկախ նրանից՝ սահմանին ենք, թե ոչ: Կարծում եմ, անկախ մասնագիտությունից եւ սեռից, բոլորս ենք պարտավոր զենք բռնել իմանալ»,- ասում է Սվետլանան:
Երիտասարդ լեյտենանտը մշտապես պատրաստ է սահմանին կռվելու, ասում է՝ չեմ վախենում: «Համաձայն չեմ, թե Հայոց բանակը թուլացել է: 90-ականներին էլ մտածում էին՝ թուլացել ենք, բայց մեր բազկի ուժը ցույց տվեցինք, վկան՝ ազատագրված Շուշին»:
Հայաստանի ապագայից խոսելիս Սվետլանան միայն լավատեսությամբ է համակված՝ «սահմանը որ ամուր պահենք, մեր երկիրը կծաղկի»: Պայծառ ապագային չհավատացողներին ասում է՝ մի քանի տարուց կտեսնենք մեր հայրենիքի վերելքը: «Հայոց բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանն ասել է. «Մի՛ խմեք կենացս, շարունակե՛ք իմ գործը»: Մենք դրանով ենք առաջնորդվում, շարունակում ենք նրա գործը, որ հստակ ու կայուն կանգնենք մեր հողի վրա»:
Սվետլանան շուտով ընտանիք է կազմելու, ապագա ամուսինը նույնպես զինվորական է: Ուրախանում է՝ զինվորական ընտանիք կունենա: «Ընտանիքիս ապագան տեսնում եմ միայն Հայաստանում, այստեղից դուրս ապրել չեմ պատկերացնում, մեր պահած հողում կյանքի արժեքն առավել գնահատելի է, իմաստալից ու երջանիկ»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։