Կառավարությունը հունիսի 17-ի նիստում հավանություն է տվել Արարատի մարզի Շահումյան համայնքի 14.9 հա եւ Տափերական համայնքի 10.2 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերության պայմանագրով «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ին անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն։
«Հայկական Կարիտաս»-ը հատկացված տարածքում իր միջոցներով նախատեսում է իրականացնել «Երեխաների քաղաք» բարեգործական ծրագիրը։ Ենթադրաբար դա պետք է լինի ոչ ֆորմալ կրթության օղակ, ստեղծարար կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր դեռահասներն ու երիտասարդները հանրապետության ամբողջ տարածքից կարող են ստանալ հիմնականում արհեստագործական մասնագիտացում եւ կյանքի հմտություններ։
Այդ նպատակով կազմակերպությունը նախատեսում է հատկացնել 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ըստ ներկայացված ծրագրի՝ կենտրոնը մատչելի միջավայր է ապահովելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար, ինչը կնպաստի ոչ ֆորմալ ուսուցման գործընթացում ներառականության ապահովմանը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ Կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն ու երեխաների իրավունքներով ու կրթական հարցերով զբաղվող այլ կազմակերպություններ դիրքորոշում էին հայտնել այս նախագծի վերաբերյալ՝ հիմնավորելով, որ այն հակառակ ազդեցություն կունենա եւ կնպաստի հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի եւ խարանի խորացմանը։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։