Այսօր տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) մեկնարկել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի 13-րդ ընտրությունները:
Քվեարկելու իրավունք ունեցող 52,31 միլիոն իրանցիները կքվեարկեն երկրի տարածքում բացված 66,8 հազար ընտրատեղամասերում:
Աշխարհի 133 երկրներում բնակվող 3,5 միլիոն իրանցիները եւս կքվեարկեն արտերկրում բացված 234 ընտրական տեղամասերում:
Ըստ PressTV-ի՝ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, որը քվեարկել է Թեհրանում իմամ Ռուհոլլա Խոմեյնիի դամբարանի մոտ բացված ընտրատեղամասում, քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցելու քվեարկությանը:
Հունիսի 16-ին Քում քաղաքից Մեջլիսի պատգամավոր Ալիռըզա Զաքանին, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին հայտարարել են, որ հանում են իրենց թեկնածությունները նախագահական ընտրություններից:
Ընտրարշավին մասնակցում են նախագահի ընդամենը չորս թեկնածուները՝ Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռըզային, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին եւ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:
Անընդմեջ երկու ժամկետ նախագահի պաշտոնը զբաղեցրած Հասան Ռոհանին չի առաջադրել իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ըստ ԻԻՀ ընտրությունների գլխավոր շտաբի ղեկավար Ջամալ Արեֆի՝ թեկնածությունը գրանցելու համար շտաբին էր դիմել ընդհանուր առմամբ 592 քաղաքացի, որոնցից 552-ը՝ տղամարդ, 40-ը՝ կին:
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը քննարկել էր թեկնածուների տվյալները եւ մայիսի 27-ին հրապարակել հաստատված թեկնածուների ցուցակը: Ըստ այդմ՝ 592 հոգուց ընդամենը 7-ն էին հաստատվել որպես Իրանի նախագահի թեկնածու: