Ավետիք Կարապետյանը վերջին երեք տասնամյակում թե՛ Նոր տարին, թե՛ իր եւ զավակների տարեդարձերը եւ այլ տոները սահմանից՝ հեռախոսով է շնորհավորում ու շնորհավորանքներ ընդունում: Բարեմաղթանքն էլ հիմնականում «խաղաղությունն» է, հանուն որի երկրի սահմանը տուն է դարձրել, հայրենի քարն էլ՝ բարձ:
«Արմատներով մշեցի եմ, պապերս Բերդիկ գյուղից են գաղթել»: Գաղթական պապի պատմությունները, առ հայրենիք կարոտն ու անհագ ձգտումը Ավետիքին ստիպել են, որ դեռ վաղ մանկուց ուխտ անի. «Էլ գաղթական, հայրենազուրկ հայ չէի ուզում տեսնել, դրա համար որոշել էի, որ երբ մեծանամ, զինվորագրվելու եմ եւ հայրենիքիս սահմանների համար կռիվը դարձնելու կյանքիս հիմնական նպատակը»:
Ավետիք Կարապետյանը 1988 թվականի ֆիդայական շարժման առաջին իսկ օրից գնաց հոգու կանչին ընդառաջ եւ, ուխտին հավատարիմ, այդ օրվանից դարձավ հավերժ զինվորական: Զենքի հետ ընկերացավ, պայման կապեց, որ մինչեւ հայը ազատ չապրի իր հողում առանց ահ ու դողի, առանց հայրենիքի կորստի վախի, իր ընկեր զենքից չի հրաժարվելու:
Ավետիքը 28 տարեկան էր, երբ Հայկական կանոնավոր բանակը կազմավորվեց: «Բանակի ուժին ու հաջությանը բոլորս էինք հավատում…եթե չհավատայինք, չէինք ունենա տարածաշրջանի ամենամարտունակ ու հզոր զինուժը: Հիշում եմ այդ օրերի մեր ոգեւորությունը, երբ յուրաքանչյուրս ոգեշնչված էինք սպարապետ Վազգեն Սարգսյանով, նրա՝ վաղվա օրվա հզոր Հայաստան ունեալու տեսլականով»:
Զինորական գործի նվիրյալը Շուշիի ազատագրումը համարում է իր կյանքի մեծագույն երջանկության օրը. «Գաղափարին հավատալը դժվար էր, բայց կար ընդհանուր հավատ, հայրենասիրություն եւ կամք, ուստի ազատագրված Շուշին եւս մեկ վկայություն էր, որ երբ բռունցքվում ենք, անպարտելի ենք դառնում»:
Կարապետյանի զինվորական ուղին թեեւ սկզբում հաղթանակով պսակվեց, բայց նա նաև պարտության դառնությունը ճաշակեց: «Արցախի կորուստը փշրեց շատերիս երազները, կոտրեց մեր ողնաշարը, բայց հույսին ու հավատին չկարողացավ դիպչել: Մենք ճակատամարտում չենք պարտվել, սա ընդամենը մի փուլ է, մեր բանակը չի պարտվել, այլ պատրաստվում է ավելի բարձր թռիչքի: Եթե այս մտքին միահամուռ հավատանք բոլորս, մոտ ապագայում կտեսնենք այն իրականություն դարձած»,-ասում է ֆիդայի-զինվորականը:
Մեր հարցին, թե տարիներով սահմանին ապրելը դժվար չէ՞, Կարապետյանը պատասխանում է՝ ո՛չ: Այնտեղ էլ ուրախանում ենք, տխրում, բայց իսրտե ուրախ կլինենք այն ժամանակ, երբ թիկունքից լավ լուրեր լսենք»:
Ավետիք Կարապետյանին հազվադեպ կարող են քաղաքում տեսնել, բայց երբ դիրքերից իջնում է, հիմնականում Երկրապահ կամավորականների միության Գյումրու գրասենյակում է լինում, ասում է՝ «գալիս, խոսում-զրուցում եմ հայրենիքի համար կյանքերը զոհաբերած մարտական ընկերներիս հետ, պատմում մեր առօրյայից, սահմանից»:
Լավատես է, վստահեցնում է՝ զինորներն ուժեղ են, ոգիները տեղը: «Նոր սերունդը հայրենասեր է, սուտ է, թե երիտասարդները կտրվել են արմատներից: Մեր արմատներն այնքան խորն են, որ կտրել հնարավոր չէ, ճիշտ հակառակը՝ քանի գնում, արմատները խորանում են, երիտասարդներն էլ ավելի հայրենասեր են դառնում»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։