Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից փոխհատուցում են պահանջում։ Այդ մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ ներկայացնելով այսօր Դամասկոս այցելած ռուսական պատվիրակության հետ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հանդիպման արդյունքները։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 29-ին, Ռուաստանի արտգործնախարարությունն էր հայտնել ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորած միջգերատեսչական պատվիրակության Դամասկոս կատարած այցի մասին։ Սա ռուսական կողմի առաջին պետական այցն էր նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։
«Ռուսական կողմը եւս մեկ անգամ հայտարարեց, որ աջակցում է Սիրիայում տեղի ունեցող դրական փոփոխություններին։ Երկխոսության ընթացքում ընդգծվել է սիրիացի ժողովրդի վստահության վերականգնման գործում Ռուսաստանի դերակատարման մասին, որոնք պետք է իրականացվեն այնպիսի հստակ միջոցներով, ինչպիսիք են փոխհատուցումը, վերակառուցումը եւ վերականգնումը»,- ասվում է սիրիական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը մեջբերում է SANA գործակալությունը:
Բացի այդ՝ գործակալության փոխանցմամբ Սիրիայի նոր իշխանությունները բանակցությունների ընթացքում ռուսական կողմին հայտարարել են, որ «հարաբերությունների վերականգնումը պետք է հաշվի առնի անցյալի սխալները, հարգի սիրիացի ժողովրդի կամքը եւ ծառայի նրանց շահերին»։
Բանակցություններից հետո Միխայիլ Բոգդանովը ՏԱՍՍ-ին ասել էր, որ Սիրիայում ռուսական ռազմակայանների ապագայի հարցը լրացուցիչ խորհրդակցություններ է պահանջում։ «Առայժմ ոչինչ չի փոխվել»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք՝ 2015 թվականից սկսած Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանը քաղաքական եւ ռազմական լայն աջակցություն է ցուցաբերել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։
Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։