Ադրբեջանն ու Հայաստանը առաջընթաց են գրանցել սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հարցում, ինչը նպաստում է տարածաշրջանի կայունությանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հարցին, թե իր մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խումբը ադրբեջանցի եւ հայ գործընկերներ Շահին Մուստաֆաեւի եւ Մհեր Գրիգորյանի հետ արդյոք շարունակում է աշխատանքները, Օվերչուկը պատասխանել է, որ «պաշտոնապես այն ոչ ոք չի դադարեցրել»։
«Մենք ժամանակ առ ժամանակ շփվում ենք այս [սահմանազատման] թեմայով, բայց ոչ թե եռակողմ, այլ, ինչպես ասում են, դեմ առ դեմ ձեւաչափով: Իմ գործընկերները […] պարբերաբար հանդիպում են սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի շրջանակում։ Այնտեղ շատ մեծ եւ լավ առաջընթաց է գրանցվել»,- ասել է Օվերչուկը։
Նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանի մի մասն արդեն սահմանազատվել է, եւ այժմ կողմերը պայմանավորվել են առաջ շարժվել հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի սահմանների հանգույցից՝ ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ Մոսկվան միշտ է ողջունել նման շփումը եւ նման համատեղ աշխատանքը։
«Մեր կողմից մենք միշտ ենք մեր աջակցությունը առաջարկել այս գործընթացին։ Սա շատ կառուցողական աշխատանք է»,- նշել է Օվերչուկը։