Չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնի մերձակայքում վթարի է ենթարկվել American Airlines-ին պատկանող ինքնաթիռը՝ բախվելով ռազմական ուղղաթիռին։
Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն չվերթ իրականացնող ինքնաթիռում, նախնական տվյալներով, եղել են 60 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ։ Հաղորդվում է, որ Bombardier CRJ700 ինքնաթիռի եւ Sikorski H-60 ռազմական ուղղաթիռի բախումը տեղի է ունեցել Ռոնալդ Ռեյգանի օդանավակայանին մոտենալու ժամանակ։ Օդային բախումից հետո մարդատար ինքնաթիռը եւ բանակային ուղղաթիռը, որում եղել են երեք զինծառայողներ, ընկել են Պոտոմակ գետը:
Վթարի պահին ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացրել, հայտնում է Associated Press-ը։
Դեպքի վայրում մի քանի ժամ է, ինչ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Ջրից դուրս է բերվել 18 դի, ողջ մնացածներ դեռ չեն գտնվել, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող ոստիկանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ տեղեկացված է «Ռեյգանի ազգային օդանավակայանում տեղի ունեցած սարսափելի վթարի մասին»։