Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կամփոփվի այնպիսի դրույթներով, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար:
Նրա խոսքերով` Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի, եւ Թբիլիսին պատրաստակամ է անելու այն ամենը, ինչը կօգնի հասնելու այդ նպատակին։
«Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի համար կամփոփվի այնպիսի դրույթներով, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար։ Միայն սա կարող է հիմք լինել այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար»,-ասել է Բոճորիշվիլին։
Վրաստանի արտգործնախարարը, անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին, նշել է, որ դրանք բխում են նաեւ վրացական որոշ շրջաններ օկուպացրած Ռուսաստանից։ «Դրանք են հումանիտար խնդիրները, տնտեսական խնդիրները եւ սոցիալական ծանր պայմանները։ Սա շարունակաբար մնում է ծանր խնդիր Վրաստանի համար»,- ընդգծել է նախարարը։