Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջել են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու երկրների միջեւ բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։
Գործակալության տվյալներով` պահանջն առաջ է քաշել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման եւ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է այս տեղեկությունը Reuters-ին մեկնաբանելուց։
Հիշեցնենք` ռուսական պատվիրակությունը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորությամբ Դամասկոս ժամանել էր հունվարի 28-ին։ Սա ռուսական պատվիրակության առաջին այցն է Սիրիա երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Սիրիական SANA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի նոր վարչակազմը փոխհատուցում է պահանջել ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորությամբ հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։