Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, փորձում է որդեգրել մի ճանապարհ, որը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականը պետք է մնա առանց երկրպագուների եւ խաղա դատարկ կամ կիսադատարկ տրիբունաների ներքո։ Այդ մասին հայտարարում է ՀՀ ազգային հավաքականի աջակցության «Առաջին հայկական ճակատ» (FAF) ակումբը:
Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավարությունը պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում hայ երկրպագուների, մասնավորապես կազմակերպված ֆան շարժումների համար։
«Առաջին դեպքը Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի նախադեպն էր՝ FAF-ն ու Red Eagles-ը մինչեւ վերջին օրերը հնարավորություն չունեին ձեռք բերելու իրենց ավանդական դարձած տրիբունաների տոմսերը։ Հաջորդիվ` Լատվիայի դեմ խաղում, ֆեդերացիան հրաժարվեց հյուրերի սեկցիայից, ինչի պատճառով տասնյակ հայ երկրպագուներ, այդ թվում Հայաստանից խաղին մեկնած FAF-ի անդամներ, Ռիգայում ստիպված տոմսեր գնեցին լատվիացի երկրպագուների համար նախատեսված տեղերում»,-ասվում է հայտարարության մեջ։
FAF-ը պնդում է, որ նույնը կատարվել է նաեւ ֆուտզալի ազգային հավաքականի հանդիպումների պարագայում։
«Նախորդ տարվա ավարտին ՀՖՖ ղեկավարությունը որոշեց ֆուտզալի ազգային հավաքականին թողնել առանց երկրպագուների կազմակերպված աջակցության. Հայաստան-Դանիա խաղը կազմակերպվեց հանդիսականների ներկայության համար ամենաանհարմար վայրում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ խաղի տոմսերը վաճառքի դուրս չեկան։ Մեր համառության շնորհիվ ֆան շարժումներին հաջողվեց գտնվել մարզահամալիրում միայն հանդիպման 2-րդ խաղակեսին»,- նշում է FAF-ը։
Ակումբի պնդմամբ նույն հնարքները կիրառվում են նաեւ փետրվարի 1-ի Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի որակավորման փուլի Հայաստան-Ալբանիա խաղի դեպքում. մի քանի օրից կայանալիք խաղի տոմսերը դեռեւս չկան վաճառքում, եւ որեւէ տեղեկություն չկա, թե երկրպագուները ինչպես կարող են ներկա լինել խաղին։ Ըստ FAF-ի` նման քայլերը պայմանավորված են հավաքականին առանց կազմակերպված աջակցության թողնելու ՀՖՖ ղեկավարության ցանկությամբ, որի պատճառը խաղի ընթացքում բողոքի ակցիաներից խուսափելն է։
«Արմեն Մելիքբեկյանը եւ իր համակիրները պետք է հասկանան, որ հնարավոր չէ մշտապես թաքնվել հայկական ֆուտբոլի ողբալի իրականությունից եւ իրենց նույնականացնել հայկական ֆուտբոլի հետ։ Ֆուտբոլն առաջին հերթին երկրպագուներինն է, չկա ֆուտբոլ առանց երկրպագուների։ Մի խումբ անարդյունավետ կառավարիչների պատճառով չպետք է երկրպագուն զրկվի ազգային հավաքականների կողքին լինելու հնարավորությունից։
ՀՖՖ-ից պահանջում ենք սկսել Հայաստան-Ալբանիա խաղի տոմսերի բաց վաճառքը, որը թույլ կտա երկրպագուներին ներկա լինել խաղին եւ աջակցել հավաքականին»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։