Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել ուղերձով.
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ
Մեր հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջեւ, այն է՝ ընտրություն կատարել պետականության կայունության վերականգնման եւ ճգնաժամային իրավիճակի խորացման միջեւ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը:
Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերը ասելիք եւ անելիք չունեն: Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու եւ ժողովրդին խաբելու համար: Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության եւ վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց վարչական, ֆինանսական, լրատվական եւ քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից եւ քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից:
Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որեւէ մեկի օգտին, ըստ էության, մասնակից կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը:
Այդ դեպքում կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն է ելքը: Ելքը միակն է՝ ձեր ձայնը տվեք Հայ Ազգային Կոնգրեսին եւ դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը:
Քարոզարշավի ընթացքում մենք լիովին կատարել ենք այդ դերը եւ այսուհետեւ էլ, նոր ձեւավորվելիք խորհրդարանում, պատրաստ ենք շարունակել այն՝ մեր ժողովրդին նորանոր փորձանքներից եւ ողբերգություններից հեռու պահելու համար:
Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը եւ վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը: Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք»: