Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Մարտունիում միացել է դիտորդների թիմին եւ տեսադիտարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
«Շնորհակալություն տեղի գյուղացիներին սուրճի եւ հյուրընկալության համար։ Եվրամիության դիտորդական առաքելությունը հպարտ է համայնքի վստահության համար եւ կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելուն»,-ասվում է գրառման մեջ։
Նախօրեին Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն էին տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը եւս երկու տարով՝ մինչեւ 2027 թվականի փետրվարի 19-ը, երկարաձգելու մասին որոշմանը։
«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ` ԵՄ-ն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ եւ հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը եւ դրանով նպաստել գետնի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնան անփոփոխ՝ 165 միջազգային եւ 44 հայաստանցի աշխատակից:
Այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաեւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, որը դեսպանների հաստատելուց հետո ավելի շատ ֆորմալ բնույթ ունի։