Հարցին՝ արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, Փաշինյանը պատասխանեց՝ ո՛չ։ Սա այն քչաթիվ դեպքերից է, երբ նրան կարելի է հավատալ։ Իրոք, արտահերթի չեն պատրաստվում, որովհետեւ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու պարտադրանք չկա։ Փաշինյանը պատրաստվում է ոչ թե արտահերթ, այլ 2026-ին սպասվող հերթական ընտրություններին։ Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությունը, որ ճիշտ եւ ճիշտ Փաշինյանի հագով ստացվեց, նրան անընդհատ իշխանավոր լինելու իրավունք է տալիս, ինքն էլ ահագին ժամանակ՝ անցած տարվա կեսերից, իր այդ իրավունքը իրացնելու գործով է զբաղված։
Որպես ավարտված պոպուլիստ ապավինում է ոչ թե ծրագրերին, ոչ թե գաղափարներին ու քաղաքական մրցակցությանը, ոչ թե հանրության գիտակից զանգվածի աջակցությանը, այլ ամբոխի համակրանքին։ Քաղաքական նախասիրություններից զուրկ, զգացմունքներով առաջնորդվող ու ականջահաճո խոսքի սպասող ամբոխի օգնությամբ նա մեկ անգամ՝ 2021-ին, իր համար դժվար մի շրջան, հաջողություն արդեն գրանցել է, 2026-ին, վստահ է, ավելի հեշտ է լինելու։
Մինչեւ ընտրություններ նա խաբվելու պատրաստ ընտրողներին պետք է համոզի, որ նրանցից մեկն է, որ սիրում է նրանց ու նրանցից զատ այլ սեր չունի ու չի էլ ունենալու։ Հաշվի առնելով վերջին չորս տարիների հիասթափեցնող զարգացումները՝ 2021-ից հետո գրանցված նահանջները, ադրբեջանական բանակի ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում, Արցախի հայաթափումն ու կորուստը, սոցիալական տխուր վիճակը, նա ամբոխի աչքերում պետք է արդարանա։ Պետք է համոզի, որ 2020-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատուն ինքը չէ։ Որ պատասխանատուներն իրենից առաջ եղածներն են։ Նրանք են ողջը կործանել, նրանց սխալներով են պայմանավորված թե՛ պատերազմը, թե՛ պարտությունը, թե՛ պարտությանը հաջորդած զարգացումները, թե՛ Արցախի կորուստը եւ թե՛ սոցիալական տխուր վիճակը։ Ասելու է ու ասում է, որ ինքը, իբր, փորձել է շտկել, փորձել է կասեցնել դեպի կործանում տանող ընթացքը, բայց չի հաջողել։ Եթե մեղք էլ ունի, ապա ընթացքը բեկել չկարողանալն է։ Սրա համար ու այս չափով, իբր, պատասխան տալու պատրաստ է։ Աճպարարություններով, ականջահաճո ելույթներով պետք է շահի ամբոխի համակրանքը։
Խոսքը 2018-ի համաժողովրդական աջակցության մասին չէ։ 2018-ին հրապարակում ամբոխը չէր։ 2018-ին հրապարակում քաղաքական պատկերացումներ ունեցող եւ քաղաքական խնդիր լուծող ժողովուրդն էր։ Նա 2018-ն ու 2018-ի ժողովրդին վաղուց է մոռացել, նրան 2021-ի ընտրություններում իր հաջողությունն ապահոված, հների ու նորերի կռվի ու ատելության հորձանուտում մոլորված, սեփական վախերին տրված զանգվածն է պետք։
Ականջահաճո սուտ լսելու պատրաստ այս զանգվածին կրկին գրավելու համար նա ցանկացած քայլի կգնա, ցանկացած խոստում կտա ու ցանկացած խորամանկության կդիմի։ Հարկ լինի՝ կզոհաբերի մտերիմներին ու հավատարիմներին։ Կպատժի ցուցադրաբար ու կների ցուցադրաբար, միայն թե կրկին ամբոխի սրտի հերոսը դառնա։
Նախկին նախագահներին Արցախի խնդրի բանակցային պատմության շուրջ բանավեճի հրավիրելը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ իր դեմ աշխատեց, այս նպատակի համար էր։ Ռոբերտ Քոչարյանի ու մյուս նախկինների դեմ նոր քրեական գործ սկսելն այս նպատակի համար է։ Ծառայողական ավտոմեքենաների ցուցադրական կրճատումներ կատարելն այս նպատակի համար է։ Ֆեյսբուքյան ակտիվությունն այս նպատակի համար է։ Առջեւում նոր դրսեւորումներ են լինելու, որոնց արդյունքում նա կրկին պետք է ամբոխի սիրելին դառնա ու լսի նրա ծափահարությունները։
Ծափահարողներին չեն հետաքրքրում մեր անհաջողությունների, մեր տապալումների, մեր շարունակվող պարտության իրական պատճառները։ Նրանք խնդրի մեջ խորանալու անհրաժեշտություն չունեն։ Նրանց իր խոսքով, իր բառապաշարով, իր մտքերով ու իր եզրահանգումներով իրենցից չտարբերվող, իրենց սիրո խոսք ասող իշխանավոր է պետք։ Նրանցը իրենց սերերն են ու իրենց վախերը, նրանցը զգացմունքներն են։ Իսկ ամբոխահաճ Փաշինյանը գիտի, թե ինչպես է պետք խաղալ այդ զգացմունքների հետ։
Նրան հանրության մտածող հատվածը պետք չէ բոլորովին։ Հակառակը՝ մտածող հատվածը վտանգավոր է։ Այդ հատվածը պետք է որպես հակառակորդ ու որպես թշնամի դիտարկվի։ Այդ հատվածը պետք է թիրախավորվի։ Իրեն օխլոսն է պետք՝ ամբոխը, որին ինքն ընտրատեղամաս պետք է տանի ու առանց ընտրատակաշառքի, առանց ճչացող ընտրակեղծիքների, առանց հինգ հազար դրամներով գնված ձայների, սիրո խոստովանությամբ ու ականջահաճո զեղումներով իր օգտին քվեարկել պետք է տա։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։