2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հակամարտության սկսվելուց հետո Իսրայելի պաշտպանության բանակը կորցրել է 842 զինվորականի։ Այդ մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հինգշաբթի եւս մեկ իսրայելցի զինվոր է զոհվել Հորդանան գետի արեւմտյան ափի շրջանում, որտեղ հրեական պետության զինվորականները «հակաահաբեկչական» գործողություններ են իրականացնում անցյալ շաբաթվանից:
Հունվարի 21-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Իսրայելի անվտանգության ուժերը լայնածավալ «հակաահաբեկչական» գործողություն են սկսել Արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքի շրջանում։ Ավելի ուշ՝ հունվարի 27-ին, հայտարարվեց նաեւ Թուլկարմ քաղաքում գործողություններ սկսելու մասին: Այս հարձակումների հետեւանքով մի քանի տասնյակ պաղեստինցիներ են զոհվել։
Հիշեցնենք՝ իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ ՀԱՄԱՍ-ը այս հարձակումն անվանել է պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողությունների։ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց դրա զանգվածային ռմբակոծումը, որից օրեր անց ցամաքային գործողություն սկսեց շրջանում։