Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում օդային երթեւեկության վերահսկիչների պակաս է եղել այն օրը, երբ բախվել են American Airlines ընկերության Bombardier CRJ700-ը եւ ռազմական UH-60 Black Hawk ուղղաթիռը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության նախնական զեկույցը:
Ըստ պարբերականի՝ զեկույցի մեջ ընդգծվում է, որ այդ օրը հերթապահ ավիադիսպետչերն այնպիսի աշխատանք է կատարել, որը սովորաբար նախատեսված է երկու աշխատակցի համար:
The New York Times-ի տվյալներով՝ Black Hawk ուղղաթիռը բախվել է մարդատար ինքնաթիռին, քանի որ այն թռչել է նախատեսվածից ավելի բարձր։
American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը եւ ռազմական ուղղաթիռը Վաշինգտոնի օդանավակայանի մոտ բախվել էին հունվարի 29-ի երեկոյան, ինչից հետո ընկել էին Պոտոմակ գետը։ Վթարի հետեւանքով զոհվել է 67 մարդ։
Կործանված ինքնաթիռի սեւ արկղերը հայտնաբերվել են հունվարի 30-ի երեկոյան Պոտոմակ գետն ընկած բեկորների մեջ։