Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին եւ սպասում է դրանց պատասխանին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում։
Ընդգծելով, որ ներկայացված առաջարկով Երեւանում հաշվի են առել նաեւ Բաքվի մոտեցումները` Փաշինյանը բացատրեց․ «Առաջարկում ենք, որ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ՝ Հայաստանի տարածքով՝ կոնկրետ Մեղրիով»։
Փաշինյանի խոսքերով` Մեղրիով անցնող տարբերակի ընտրությունը պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Տավուշի մարզով անցնող մյուս երկաթուղու վնասվելու հանգամանքով, որի պատճառը Հաղարծինի հատվածում տեղի ունեցած սողանքներն են եւ այդ հատվածում երկաթուղին վերականգնելու համար շատ մեծ ներդրումների անհրաժեշտությունը։
«Էժան եւ իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանի արեւմտյան շրջաններից Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նաեւ առաջարկել ենք երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջեւանի տարածքով Մեղրի եւ հակառակ ուղղությամբ»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը նաեւ նշեց, որ հաշվի առնելով Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ներկա պահին առկա լարվածությունը` Երեւանը գտնում է, որ ապաշրջափակման գործընթացը կարելի է սկսել բեռնափոխադրումներով, իսկ երբ մթնոլորտն արդեն էլ ավելի հանդարտվի, կարելի կլինի մտածել նաեւ ուղեւորափոխադրումների մասին։
«Եթե շատ անկեղծ լինեմ, նաեւ Ադրբեջանի դիրքորոշումները իմանալով, լավ չեմ պատկերացնում, թե ինչու նրանք դա պետք է մերժեն։ Մենք լուծում ենք գտել, որը լուծում է երկու կողմերի առաջադրած խնդիրները։ Հիմա, թե նրանք դրան ինչ անուն կտան, դա էլ առանձին թեմա է։ Ես չեմ բացառում, որ ինչ լուծում էլ լինի, նրանք իրենց ձեւով են մեկնաբանելու, մենք՝ մեր ձեւով»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ կարեւորը հարցի բովանդակությունն է։
Ըստ վարչապետի` Երեւանի առաջարկած բովանդակությունը լիովին համընկնում է ոչ միայն «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում իր Կառավարության ներկայացրած սկզբունքներին, այլ նաեւ այն ակնկալիքներին, որոնք բարձրացնում է Ադրբեջանը բանակցությունների ընթացքում։