Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավված Հյուսիսային Կորեայի զորքերը մեծ կորուստներ կրելուց հետո դուրս են բերվել առաջնագծից, գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով ուկրաինացի եւ ամերիկացի պաշտոնյաների տեղեկություններին։
Ըստ NYT-ի աղբյուրների՝ մոտ երկու շաբաթ է, ինչ հյուսիսկորեացի զինվորականներ չեն նկատվում ճակատում։ Ուկրաինացի պաշտոնյայի խոսքերով՝ Հյուսիսային Կորեայի զորքերի կորուստներըպայմանավորված են նրանց անկազմակերպվածության եւ ռուսական ստորաբաժանումների հետ փոխհամաձայնեցված չգործելու հանգամանքներով։ Պարբերականի ուկրաինական աղբյուրները նաեւ հայտնել են, որ մարտի դաշտ ժամանելուց հետո հյուսիսկորեացի զինվորականները գործել են ինքնաբուխ, առաջ են շարժվել փոքրաթիվ զրահատեխնիկայով եւ քիչ են կանգառներ կատարել վերախմբավորվելու համար։
Հունվարի 27-ին Sky News-ը, վկայակոչելով ուկրաինական հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղեկությունը, կրկին հայտնել էր, որ հյուսիսկորեական զորքերը դուրս են բերվել առաջնագծից մեծ կորուստների պատճառով։ Նա ենթադրել էր, որ հյուսիսկորեացիները «կամ դասեր են քաղում ուկրաինացի զինվորների հետ առաջին բախումների ժամանակ թույլ տված սխալներից կամ խնամում են վիրավորներին կամ էլ սպասում են համալրման»:
ԱՄՆ պաշտոնյաները նույնպես կարծում են, որ հյուսիսկորեական զորքերին առաջնագծից հետ քաշելու որոշումը կարող է ժամանակավոր լինել։ Նրանց գնահատմամբ հյուսիսկորեացիները կարող են վերադառնալ լրացուցիչ պատրաստություններ ստանալուց կամ էլ նոր ուղղությամբ տեղակայվելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներից հետո, որպեսզի հնարավոր լինի խուսափել նման ծանր կորուստներից։
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի հետախուզությունը դեռեւս 2024-ի հոկտեմբերի կեսերին էր հայտնել, որ Հյուսիսային Կորեայից զորքեր են տեղափոխվել Ռուսաստան։ Ամսվա վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ նրանք արդեն տեղափոխվել են Կուրսկի մարզ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղակիորեն չի հաստատել մարտական գործողություններին Հյուսիսային Կորեայի զինվորականների մասնակցության փաստը, սակայն երբ նրան հարցրել են այդ ամենը վկայող արբանյակային լուսանկարների մասին, նա պատասխանել է, որ «պատկերները լուրջ բան են», եւ եթե դրանք կան, «ապա ինչ-որ բան արտացոլում են»:
Նշենք նաեւ, որ կորեացի զինվորականների առաջին կորուստների մասին Զելենսկին հայտնել էր դեռ նոյեմբերի վերջին։ Նրա խոսքերով՝ Կուրսկի մարզում տեղակայված են եղել 11 հազար հյուսիսկորեացի զինվորներ, որոնց մի մասն արդեն մասնակցել էր Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտերին։ Ավելի ուշ այս տեղեկությունները հաստատեց նաեւ Պենտագոնը։