«Ինչպես կարելի է որեւէ մեկին մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա երեւույթի մասին խոսելիս ասում է ցեղասպանություն»։ Ասուլիսի ընթացքում այսպիսի հարցադրում կատարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը իր հնչեցրած հայտարարությունների շուրջ քննադատություններին, որոնցում Ցեղասպանության փաստը ուրանալու տեսակետներ են հնչել։
Վարչապետն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։
Փաշինյանի խոսքերով՝ Շվեյցարիայում իր հայտարարությունը վերաբերում է Ցեղասպանության թեման որպես ինքնաճանաչման գործիք դարձնելուն։
«Մեր իրականության մեջ մենք անընդհատ խոսել ենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ, օրինակ, ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունների հարցը։ Ընդ որում, երբ սա քաղաքականացնում ենք եւ փորձում ենք օգտագործել գործիք այսօրվա Հայ հեղափոխական դաշնակցությանը քննադատելու համար, ամբողջ թեման փոխվում է։ Լրիվ դառնում է ուրիշ բան։ Էլի դառնում է նախկին-ներկա խոսակցություն եւ այլն, եւ այլն։ Այ դրան մենք պետք է անդրադառնանք, պետք է հասկանանք։ Կարո՞ղ է այդ բանաձեւերը սխալ են, որովհետեւ ես այսօրվա միջազգային իրադարձությունների հետ կապված երբեմն ապոկալիպտիկ, երբեմն էլ փրկչագործական այնպիսի մեկնաբանություններ եմ տեսնում, որ ես հասկանում եմ, որ կարող է պարզվի՝ Խրիմյան Հայրիկի ժամանակվանից միջազգային հարաբերությունները եւ աշխարհի մեր ընկալումները չեն փոխվել։ Ա՛յ սա է այն խնդիրը, որը մեր մեջ է։ Իմ մեջ եւս, որովհետեւ ես ձեզնից մեկն եմ։ Սրա մասին է խոսքը»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Շարունակելով հարցադրումները՝ Փաշինյանը նշեց․ «Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողացել եւ կարողանում են օգտագործել մեր հայրենիքում, Հայաստանում մեր անկախ ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելու համար»։
Վարչապետը ընդգծեց, որ ունի իր առաջադրած հարցերի սեփական տարբերակը, սակայն չի ուզում իր տեսակետները ժողովրդի վզին փաթաթել։