Իրանը կշարունակի աջակցություն ցուցաբերել «Դիմադրության ուժերին», քանի դեռ պաղեստինյան հողը ամբողջությամբ չի ազատագրվել իսրայելական օկուպացիայից, եւ այնտեղ չի ստեղծվել Պաղեստին պետություն։ Այդ մասին ասվում է Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է նախօրեին Կատար կատարած այցի ժամանակ գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչիի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հանդիպման արդյունքներին։
«Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է Իրանի հավատարմությունը իր սկզբունքային քաղաքականությանը՝ շարունակելու աջակցել Դիմադրությանը՝մինչեւ Պաղեստինի ժողովրդի իրավունքների լիարժեք իրացումը, նրա ինքնորոշման իրավունքը եւ Պաղեստինի ազատագրումը [իսրայելական] օկուպացիայից»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության տեքստում։
Արաղչին նաեւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին է փոխանցել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի շնորհավորանքները՝ ուղղված շարժման առաջնորդներին եւ պաղեստինցիներին՝ նշելով, որ «Սիոնիստական ռեժիմի [Իսրայելի] ագրեսիայի դեմ հենց Գազայի ժողովրդի հերոսական դիմադրությունն է, որ հանգեցրել է դիմադրության ուժերի առաջ քաշած պայմաններով զինադադարի համաձայնությանը»։
Հիշեցնենք՝ Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագիրը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին։ ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության առաջին փուլով հաստատվում էր 42 օր տեւող հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պարտավորվում էր ազատ արձակել 33 պատանդի, իսկ Իսրայելը՝ բանտերում պահվող 1900 պաղեստինցի բանտարկյալի։
Իրանական, այսպես կոչված, «Դիմադրության առանցքը» իր գլխավոր նպատակն է համարում իսրայելական օկուպացիայից Պաղեստինի ազատագրումը։ Դիմադրության առանցքը ներառում է «Հեզբոլլահը», ՀԱՄԱՍ-ը, «Իսլամական Ջիհադը», Իրաքի իսլամական դիմադրությունը եւ Եմենի հութի ապստամբական «Անսար Ալլահը»: Մինչեւ Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումը Դամասկոսը նույնպես աջակցում էր «Դիմադրության առանցքին»: