Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը սերտ շփումների մեջ է Ղարաբաղում իրավիճակի կայունացման շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Ընդ որում՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը շահագրգիռ կողմերի շարքում հիշատակել է ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ Թուրքիան։
«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի եւ Երեւանի հետ եւ կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային լոգիստիկային, իրավիճակի հարթմանն ընդհանուր առմամբ եւ պետք է բացառի ինչ-ինչ տարրեր, որոնք լարվածության աճի առիթ կարող են ծառայել»,- շեշտել է Դմիտրի Պեսկովը։
Ռազմաբազայի ստեղծման հավանականությունը՝ քայլեր ձեռնարկելու առիթ
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական բազայի հավանական տեղակայման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությանը՝ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը առանձնահատուկ ուշադրությամբ է հետեւում դրա հնարավորությանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու հավանականությունը առիթ է ընձեռում Մոսկվային քայլեր ձեռնարկելու սեփական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
«Ցանկացած դեպքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը մեր սահմանների մերձակայքում հատուկ ուշադրության առարկա է մեզ համար, ինչպես նաեւ առիթ է տալիս մեզ ձեռնարկելու քայլեր՝ մեր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար»,- արձագանքելով Էրդողանի հայտարարությանը՝ ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։