Սիրիան դանդաղ, սակայն հաստատուն կերպով փորձում է մտնել պատմության նոր փուլ։ Նախկին նախագահ Բաշար ալ- Ասադի փախուստից հետո Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան օրերս հայտարարվել է երկրի անցումային շրջանի նախագահ՝ ավելի ամրապնդելով իր իշխանությունը: Նա այսուհետեւ ներկայացնելու է Սիրիան միջազգային հանդիպումներում։ Մերձավոր Արեւելքի զարգացումներին հետեւող դիտորդներն այս փուլում կարծես շատ ասելիք չունեն, քանի որ հօդս են ցնդում Սիրիայում արյան նոր հեղեղների մասին նրանցից շատերի կանխատեսումները։
Դամասկոսում հունվարի 29-ին ընդդիմադիր ուժերի ժողովը Ահմեդ Ալ-Շարաային ոչ միայն հռչակեց անցումային փուլի նախագահ, այլեւ նրան անցումային շրջանի համար ժամանակավոր օրենսդրական խորհուրդ ձեւավորելու լիազորություն տվեց, իսկ Սիրիայի Սահմանադրությունը իրականում ջնջվեց։
Արաբական մամուլի՝ Իրանի խոսափող համարվող մի քանի վառ ներկայացուցիչներ, վերլուծելով տեղի ունեցածը, գրում են, որ Սիրիան դեռեւս շատ հեռու է կայունության ճանապարհից։ Նրանք նաեւ դրական շեշտադրումներով են գրում ռուսական բարձրաստիճան պատվիրակության (ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի ղեկավարությամբ) Դամասկոս կատարած այցի մասին՝ նշելով, որ այցելությունը մեծ հաջողությամբ է պսակվել, գրում են, թե երկու կողմերը համաձայնության են եկել Սիրիայի Տարտուս եւ Բանիաս քաղաքներում ռուսական ներկայությունը պահելու վերաբերյալ։ Դեռ պարզ չէ՝ ռուսական ներկայության մասին հրապարակ նետված այս տեղեկությունը ճիշտ է, թե ոչ, մանավանդ, երբ այդ այցից հետո «Ռոյթերզ» գործակալությունը արագ լուր տարածելով հաղորդեց, թե Շարաան Ռուսաստանից պահանջել է, որ վերջինս արտահանձնի Բաշաար ալ- Ասադին։
Այս լուրի հրապարակումից ժամեր անց Մոսկվան դիվանագիտական ոճով պատասխանել է սիրիական նոր իշխանության այս պահանջին․ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով թեմայի մասին լրագրողի հարցին, ուշադրություն է հրավիրել, որ առայժմ նախընտրում են լռություն պահպանել Ասադի արտահանձնման հարցի շուրջ։ Սա ենթադրել է տալիս, որ Դամասկոսի քննարկումներն անցել են ոչ այնքան սահուն, ավելին՝ ըստ երեւույթին Սիրիայի նոր իշխանությունները հետամուտ չեն Մոսկվա- Դամասկոս անցյալի սերտ հարաբերությունների ոճն այս փուլում պահել։ Այսպիսով՝ Մոսկվան նոր հարված է ստանում, եւ բոլոր այն ենթադրությունները, թե Ռուսաստանը տեղի է տվել Սիրիայում, կարող են իրականություն դառնալ, եթե առաջիկա օրերին սիրիական կողմը Մոսկվայի ուղղությամբ իրավիճակը մեղմացնող ճիգով հանդես չգա։
Մյուս կողմից՝ ամեն օր ավելի հստակ կերպով ընդգծվում է այն փաստը, որ Սիրիայի համար «իրական կռիվն» այլ ուղղությամբ է ընթանում, եւ որը դեռ երկարելու է։ Խոսքը, մի կողմից, Կատար-Թուրքիա դաշինքի, մյուս կողմից` Սաուդյան Արաբիա-Արաբական Միացյալ Էմիրություններ ճակատի մասին է։ Նշված բոլոր չորս երկրները մեծ հաշվով դաշնակիցներ են, եթե, իհարկե, մի պահ անտեսենք Ռիադ-Դոհա լարումը, որն այսօր արդեն անցյալում է։
Թուրքիան, որ փորձում է ամեն գնով նոր միավորներ շահել, Սիրիայի դեպքերից հետո սկսել է ավելի հանգիստ հայացքով նայել իրերին, մինչդեռ Սաուդյան Արաբիան, որ Ասադի տապալումից անմիջապես հետո բավական «անտարբեր» էր, այսօր արդեն անցել է նոր խաղաոճի․ ավելի կարեւոր ուրվագծեր երեւելի կդառնան առաջիկա շաբաթներին։
Ներքին ճակատում Սիրիայի համար ամենաէական խնդիրը երկրի ֆինանսական իրավիճակի բարելավումն է, որ բնականաբար վեր է Թուրքիայի կարողություններից։ Այս առումով նաեւ սպիտակի վրա սեւով տեսանելի է, որ Կատարի իշխան Թամիմը չի պատրաստվում նոր հարցեր ունենալու սաուդցիների հետ, հատկապես Սիրիայի հարցով։ Այս նուրբ թելերի մեջ է նաեւ Ռուսաստանի նահանջի մեծ խորապատկերը, որ հետեւանք է Թուրքիա-Կատար դերի նահանջին, որին փոխարինելու է Ռիադի դերի ամրագրումը։ Տարածաշրջանում Ռիադի ազդեցության նոր որակներին ականատես դարձանք նաեւ Լիբանանում, եւ դա արդեն խոսում է որոշակի full package-ի մասին։
Մերձավորարեւելյան տարածաշրջանի ամբողջական պատկերի բյուրեղացմանը դեռեւս երկար ճանապարհ կա, ու չի բացառվում, որ այդ ճանապարհին ներքին մակարդակի տարբեր ցնցումներ լինեն։
Ինչ վերաբերում է Սիրիայի ապահով իրավիճակին, ապա այդ առումով մինչ այս պահը ամենատիրական խոսքը Անկարային է պատկանում, եւ փաստ է, որ միայն Անկարայի հորդորներից հետո է ավելի քան 18 զինյալ միավորում համաձայնել լուծարվել (որոնց մեջ՝ Սիրիայի նոր նախագահի ղեկավարած «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը) եւ միանալ Սիրիայի պետական բանակին։ Սա արդեն Սիրիայի ներքին կայունությունն ապահովելու բանալիներից մեկն է, որից հետո երկիրը կանցնի կայունության հաջորդ քայլերին։
Անդրադառնալով նաեւ Սիրիայի քրիստոնյա տարրերին՝ հարկ է նկատել, որ այդ շրջանակում մտահոգությունները, թե Սիրիան կարող է վերածվել նոր Լիբիայի, անցյալում են։ Այս ամենը, սակայն, ավելի հստակ կերպով պիտի ուրվագծվի միայն այն պահին, երբ լրիվ հստականա արտաքին խաղացողների հետ Սիրիայի հարաբերությունների մակարդակը։
Արաբական Ծոցի երկրների համար երբեք ձեռնտու չի լինելու, որ Սիրիան ամբողջությամբ հագնի իսլամական «սեւ կապան», նրանք տեսնում են մի Սիրիա, որը տարածաշրջանային ինտեգրացիայի ճանապարհ կլինի՝ զանազան անցուդարձերով, եւ կդառնա քաղաքակրթական կենտրոն, որտեղ (ըստ նրանց) տեղ չի ունենա Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գաղափարական կշռույթով։
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։