Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւին։
Իրանական կողմի փոխանցմամբ՝ Արաղչին հանդիպմանը նշել է, որ Թեհրանի քաղաքականությունը կառուցված է բարիդրացիության եւ հարեւանների հետ հարաբերությունները զարգացնելու վրա։ Այս համատեքստում նա ընդգծել է նաեւ Ադրբեջանի հետ ռազմավարական կապերի ամրապնդման վրա նախագահ Մասուդ Պեզեշքիանի կենտրոնացումը։
Անդրադառնալով Հարավային Կովկասին եւ տարածաշրջանի երկրների անվտանգության եւ կայունության համար այնտեղ տեղ գտնող զարգացումների ազդեցությանը՝ Արաղչին նշել է, որ «Իրանը աջակցում է տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու տարածաշրջանի երկրների կամքին» եւ դեմ է «արտատարածաշրջանային կողմերի ապակառուցողական միջամտություններին»։
Հաջիեւն էլ իր X-ի էջում նշել է, որ «մտքեր են փոխանակվել Ադրբեջան-Իրան բարեկամական հարաբերությունների զարգացման շուրջ՝ հիմնված խաղաղ գոյակցության, ներքին գործերին չմիջամտելու եւ բարիդրացիության սկզբունքների վրա»։
Քննարկվել են նաեւ Բաքու-Թեհրան համագործակցությունը տարածաշրջանային 3+3 հարթակի, Չմիավորման շարժման, Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության եւ այլ կառույցների շրջանակներում։
«Աղբանդ-Նախիջեւան եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները նշվել են որպես երկու երկրների ընդհանուր շահերին ծառայող կարեւոր տարածաշրջանային եւ անդրտարածաշրջանային նախագծեր»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս էլ Իրան էր այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, որը հանդիպում էր ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ հանդիպմանը քննարկվել էին Իրան-Ադրբեջան ռազմավարական համագործակցության զարգացմանը միտված հարցեր։